ՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

Սահմանադրական դատարանում երրորդ օրն է՝ շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը:

Երեկվանից սկսվել է հարցուպատասխանի փուլը, դիմող կողմը՝ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը, հարցեր են ուղղում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ):

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

Այսօրվա նիստին ևս մասնակցում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը: Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նախօրեին հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըԿԸՀ նախագահը խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումներըՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկները