Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը, որը մեկնարկել է երեկ:
Նիստին այսօր մասնակցում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
ՍԴ-ում որպես պատասխանող իրենց դիտարկումները սկսեց ներկայացնել ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն քվեարկության վերաբերյալ: ԿԸՀ-ն հունիսի 14-ին կայացրել է ընտրությունների վերաբերյալ որոշումը, որով նշել է՝ չկային այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ ԿԸՀ-ն համարում է, որ անվավեր կարելի է ճանաչել այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները կասկածի տակ դնեն արդյունքները:
ԿԸՀ փոխնախագահն, անդրադառնալով դիմումատուների բողոքներում տեղ գտած եզրակացություններին, նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի ազդելու ընտրողի կամարտահայտության վրա։ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք էլ են տեղեկացել իրավապահների հայտարարություններին։ Նկատի ունի ընտրական հանցագործություններով հարուցված վարույթները։ Նշեց, որ ԿԸՀ կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որ քննչական կառույցները զերծ մնան վարույթներում քաղուժերին հիշատակելուց։ ԿԸՀ-ն համաձայն չէ նաև այն պնդման հետ, թե ընտրական օրենսդրության փոփոխություններն ազդեցություն են ունեցել քաղաքական մրցակցության վրա, ներկայացրեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ապրիլի սկզբին Ընտրական օրենսգրքում արված փոփոխությանը ԿԸՀ փոխնախագահն ասաց. «Փոփոխությունը կատարվել է մինչև առաջադրման մեկնարկը, և բոլոր քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ:
«Ազատության» ուղիղ հեռարձակումը՝ ստորև
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը ներկայացնելով իրենց դիմումը հայտարարեց՝ ով որոշեց, որ իրենց ձայնն այլևս կարևոր չէ՝ հիշեցնելով անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը։ Ընդգծեց՝ վարչական ռեսուրսների կիրառման, ճնշումների, անհավասարության պայմաններում ընտրությունները չեն կարող համարվել կայացած։
«Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ քաղաքացին վստահ է, որ իր ձայնը տեղ է հասել», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակումԲՀԿ-ն ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը հիշեցրեց թոշակների բարձրացումը, ԲՀԿ երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորումը և պնդեց, որ Թևանյանը թիրախավորվեց Փաշինյանի կողմից, երբ մեկ օր առաջ հայտարարեց նրա մեղադրանքի մասին։
Սրանով՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը չավարտվեց, հայտարարեց փաստաբանը։ Հիշեցրեց Երիտասարդության օրվա միջոցառման ժամանակ ՔՊ խորհրդանիշերի ցուցադրման մասին, ընդգծեց, որ եթե ընդդիմադիրներին մեղադրեցին բարեգործության արգելքի համար, նույն այդ արարքների համար ՔՊ-ականները մնացին անպատիժ։ Օրինակ բերեց Թալինի ՔՊ-ական համայնքապետի կողմից քարոզարշավի ժամանակ սոցիալական օգնության բաշխումը։
«Ընտրությունների անցկացման սկզբունքներից մեկը գաղտնիությունն է, սակայն այս ընտրություններն այդպիսին չենք կարող որակել», հայտարարեց նա՝ պնդելով՝ օրինակներ կային ծրարների ոչ թափանցիկ լինելու մասին, երբ տեսանելի էին դրանց մեջ տեղադրված քվեաթերթիկները։ ԲՀԿ փաստաբանը միջնորդեց դրանք ենթարկել են փորձաքննության՝ թափանցիկությունը պարզելու համար:
Վահե Գրիգորյանը հիշեցրեց երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը, պնդեց՝ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչելու իրավասություն չուներ։
ԲՀԿ փաստաբան Արամ Օրբելյանը ավելի պատկերավոր խոսեց. «Սկզբում որոշել էին ֆուտբոլ խաղալ, բայց ընթացքում ՔՊ-ն անցավ ամերիկյան ֆուտբոլի։ Կանոններն ամբողջությամբ խախտված են»:
Օրբելյանը ներկայացրեց ընտրության արդյունքների արձանագրությունները, ասաց՝ առաջին արձանագրությունը կեղծիք է։ Դրա հետևանքով ԲՀԿ-ն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը. «Հստակ ազդեցության խնդիր կա։ ԿԸՀ երկու գործողության արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, որտեղ ԲՀԿ-ն չի ստացել 153 ձայն»։
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նախօրեին հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները:
ՍԴ-ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը
ՍԴ-ն միաձայն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը՝ կասեցնել այս գործի քննությունը, քանի դեռ վարչական դատարանը քննում է իրենց դիմումը քվեարկության արդյունքները վիճարկելու մասին։
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը նախօրեին էր միջնորդել կասեցնել գործի քննությունը. «Խնդրում ենք կասեցնել սույն միավորված գործի վարույթը մինչև Վարչական դատավարության կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258 Ա որոշման վիճարկման հայցով վարչական գործի քննության ավարտը»: