Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:
Քննարկվել են նաև Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման նախագծերին, ինչպես նաև մաքսային ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու ընթացակարգերի բարելավմանը։
Հայաստանի վարչապետն ու Իրանի փոխնախագահն ընդգծել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը։
Նրանք անդրադարձել են ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։