Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:
Խորհրդարանական վերջին ընտրություններից մի քանի օր անց ՔՊ-ականները շրջանառության մեջ դրեցին օրենսդրական նոր նախագիծ, որ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունենան միայն նրանք, որոնք այդ տարվա ընթացքում շուրջ վեց ամիս ապրել են Հայաստանում:
Իշխանական պատգամավորի մեկնաբանությամբ՝ իրենք առաջնորդվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու օրինակով: Ըստ ընտրական օրենսգրքի՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ու մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի քաղաքացիները: