Ընդդիմությունը վաղը Սահմանադրական դատարանում վիճարկելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ չնայած այս գնահատականին. «Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ, անվախ, պետք է ունենա քաղաքական չեզոքություն: Արդյոք Սահմանադրական դատարանն այս երեք չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, չի համապատասխանում»:
Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվե ստացած «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության ստացած ձայներից շուրջ 100 հազարը կասկածելի է համարում: Քվեարկության օրը 80 հազար ընտրողի անձնագիր չի նույնականացվել, պնդում է «Ուժեղ Հայաստանի»-ն բարձր դատարանում ներկայացնող Արամ Վարդևանյանը:
Այս 100 հազարի թվում է չհրապարակվող ցուցակներում հաշվառված ընտրողների թիվը: Անցած ընտրություններում այդ ցուցակում շուրջ 11 հազար է եղել, այս տարի՝ վեց հազարով ավելացել է: Այդ ինչի՞ հաշվին, հարցնում է իրավաբան Վարդևանյանը: Սա էլ են դատարանում փորձելու պարզել:
Գաղտնի ցուցակների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո պարզաբանել է: Այդ ցուցակներում քրեակատարողական հիմնարկների ընտրողներն ու զինծառայողներն են, և այդ տվյալները միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրություններում են: Որևէ ձևով հրապարակման ենթակա չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ էր արել շահարկումներից զերծ մնալ:
Ընտրությունները իշխանության ու ընդդիմադիր ուժերի հավասար պայմաններով չեն եղել, որի վերաբերյալ վաղը հիմքեր կներկայացնեն, ամենագլխավոր խախտումը, ըստ Վարդևանյանի, երեք տեղամասում վերաքվեարկություն չանցկացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր: Այս տեղամասերում քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հետևանքով երրորդ ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչպե՞ս ԲՀԿ-ն դուրս մնաց ԱԺ-ից, ՔՊ-ն ստացավ 3/5. ԿԸՀ որոշումը դիտորդներն ապօրինի են որակումԻշխանությանը ընտրակեղծիքների համար մեղադրող ընդդիմադիր ուժերին էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընտրակաշառքով ընտրվելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա և 52 հոգի կալանավորված է, 48-ը՝ տնային կալանքի տակ: Գործերի մեծ մասը առնչվում է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Դատարան է հասել 14 քրեական գործ, վճիռներ դեռ չկան:
Ընդդիմադիրների ընտրակաշառքի համար մեղադրող Փաշինյանը Սահմանադրական դատարան չի դիմել: Փոխարենը ընտրակաշառքով ընտրելու հարցը Սահմանադրական դատարանում բարձրացնելու է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որ նվազագույն շեմն էլ չի հաղթահարել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է ՍԴՔաղաքական ուժերի դիմումները քննող դատավորների կազմում է Սեդա Սաֆարյանը, որ 2021-ի ընտրություններում «Հանուն Հանրապետության» մասնակցությամբ դաշինքի երրորդ համարն էր:
Սահմանադրական դատարանի օրենքով՝ դատավորի մասնակցությունը որևէ գործին անհնարին է, եթե կանխակալ վերաբերմունք կա դատավարության մասնակիցների նկատմամբ: Վաղվա նիստին Սաֆարյանի մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ-ում հունիսի 21-ին նիստ էր հրավիրվել, բայց որոշում չեն ընդունել, բավարար թվով ձայներ չեն եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կողմնակա՞լ է, թե՞ ոչ. Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանըԱրդյոք նույն ինքը Սեդա Սաֆարյանը, որ նախկին իշխանությունների օրոք պայքարում էր օրենքի խախտումների դեմ, խնդիր չի տեսնում իր մասնակցության վերաբերյալ, դատավոր Սաֆարյանից պարզել չհաջողվեց: Նա զանգերին չպատասխանեց: Իսկ դատարանում «Ուժեղ Հայաստանի» հիմնավորումները ներկայացնող Արամ Վարդևանյանը պնդում է՝ Սեդա Սաֆարյանը իրավունք չունի մասնակցելու վաղվա նիստին: