Կառավարությունը ցանկանում է միավորել Վանաձորն ու Փամբակը. ինչ կտա նոր խոշորացումը

Կառավարությունը նախատեսում է ավելի մեծացնել Վանաձոր համայնքը, որը հինգ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո այդպես էլ ընտրովի համայնքապետ չունեցավ ու ավագանին էլ օրենքով սահմանված կարգով չգործեց:

Երեկ կառավարությունը շրջանառության մեջ է դրել 5 տարի առաջ խոշորացած Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորելու նախագիծը:

Ի՞նչ է շահել Վանաձորից ընդամենը 5 կմ հեռու, մոտ 300 բնակիչ ունեցող Փամբակ գյուղը, որը հինգ տարի առաջ 15 գյուղ միավորող համայնքի կենտրոն դարձավ: Ի՞նչ կշահեն նոր միավորումից, երբ մարզկենտրոն Վանաձորի մաս դառնան:

Տեղի բնակիչներից Սեյրան Բեգլարյանը մի կողմից ուրախ է. «Քաղաքը կմոտիկանա, կգնանք քաղաք, կաշխատենք»: Մյուս կողմից նշում է, թե նախորդ խոշորացումից առանձնապես փոփոխություն չի զգացել:

Ինչո՞ւ է արվում հերթական խոշորացումը. Կառավարության հրապարակած հիմնավորման մեջ նշված է, թե անցած տարիների փորձն ու վերլուծություններն են հաշվի առել՝ այսպես կոչված «շրջանային» մոդելով միավորված համայնքներն ավելի կենսունակ են և արագ են զարգանում: Փոքր ու տարանջատված բյուջեների փոխարեն ձևավորվում է մեկ խոշոր կապիտալ, ինչը թույլ է տալիս մտնել ավելի լայնածավալ սուբվենցիոն ծրագրերի մեջ, նորոգել ճանապարհներ, մանկապարտեզներ ու ենթակառուցվածքներ, կարծում են նախաձեռնության հեղինակները:

Փամբակցի Սեյրան Բեգլարյանը շեշտում է՝ անցած տարիներին գյուղի ճանապարհն իսկապես վերանորոգվել է, բայց միայն դա գյուղի զարգացման համար բավարար չէ: Փամբակի հողերն անմշակ են, իսկ դրանք մշակովի դարձնելու ծրագրեր դեռ չի տեսնում:

Ըստ գործադիրի՝ խոշորացումն ուղղակիորեն ազդելու է բնակիչների կյանքի որակի վրա։ Նախ, մեծ համայնքները հնարավորություն են ստանում կենտրոնացնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները։ Բացի այդ, կրճատվում են ապարատի պահպանման ավելորդ վարչական ծախսերը, խնայված միջոցներն ուղղվում են բնակավայրերի զարգացմանը։ Մյուս կողմից որակյալ ծառայությունները հավասարապես հասանելի են դառնում բնակչի համար, անկախ նրանից՝ նա ապրում է մարզկենտրոնում, թե հեռավոր գյուղում։

Մինչդեռ արդեն մեկ անգամ խոշորացած Փամբակում դեռ պարզ ծառայությունների բացակայությունից են խոսում: Փամբակցի դպրոցականներ Գևորգն ու Վրեժը Վանաձորին կպած գյուղում տրանսպորտ են ուզում: Հույս ունեն՝ գյուղը քաղաքին միացնեն, գոնե այդ խնդիրը կլուծվի: Առանց այն էլ Փամբակ լուրեր են հասել, թե գյուղի 27 աշակերտ ունեցող դպրոցը փակելու ծրագիր կա:

Տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանն ասում է՝ այս խոշորացումով կլուծվի նաև Վանաձորի ընտրական վեճը, որ չնայած դատարանն ավարտված է համարել, բայց դեռևս շարունակում են սահմանափակված մնալ 5 տարի առաջ ձևավորված ավագանու լիազորությունները:

Թե ե՞րբ Ազգային ժողովը կընդունի նոր փոփոխությունն ու տեղի կունենան ընտրությունները, հստակ չէ:

Թե՛ Վանաձորում ու թե՛ Փամբակում տեղական ընտրություններ տեղի են ունեցել 2021-ի դեկտեմբերին: Փամբակում այդ ժամանակ հաղթեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Կոստանդյանը:

Վանաձորում ամենաշատ թվով ձայներ ստացավ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը՝ իր անունով ստեղծված դաշինքի ցուցակով: Բայց գործը չհասավ նրա ընտրությանը: Օրեր անց նրան կալանավորեցին՝ իր պաշտոնավարման տարիներին կատարած կոռուպցիոն գործարքների մեղադրանքով: Նա տարիներ անցկացրեց բանտում՝ չնայած դեռ վերջնական դատավճիռ չկա: Վերջին՝ վճռաբեկ ատյանում դատարանը քաղաքաշինական փորձաքննություն է նշանակել: Արդյունքում Վանաձորում տարիներ շարունակ ժամանակավոր կառավարում է՝ վարչապետի նշանակած պաշտոնակատարի գլխավորությամբ:

Շրջանառության մեջ դրված նախագծով կառավարությունը նախատեսում է միավորել նաև Արարատն ու Վեդին: Արդյունքում՝ հանրապետությունում խոշորացված համայնքների ընդհանուր թիվը կդառնա 61: