Ադրբեջանն է հայկական ծառայությունից ու տրանզիտից օգտվելու, այլ ոչ թե հակառակը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև տվյալների փոխանակում չի նախատեսվում, «Տելեկոմ Արմենիա»-ից այսպես են արձագանքում հայկական և ադրբեջանական տելեկոմների միջև ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագրից հետո ի հայտ եկած մտահոգություններին, շեշտելով, որ համաձայնագիրը Հայաստանին է ռազմավարական առավելություն տալիս:
Այն, որ հայկական և ադրբեջանական տելեկոմները համաձայնել են փոխադարձաբար միմյանց կապուղիներից օգտվելու հնարավորություն տալ, հայտնի դարձավ երեկ ու միանգամից անվտանգության հետ կապված հարցեր առաջ բերեց: Հիմնական մտահոգությունը, որի մասին բարձրաձայնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանն իր էջում, այն է, որ եթե AzerTelecom-ի ենթակառուցվածքով հայկական տրաֆիկ անցնի, ապա այն կարող է վերլուծվել ու հետևաբար այդտեղ անվտանգության հարցեր են ծագում:
«Թիմ տելեկոմ»-ից, սակայն, տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ այս պարագայում ադրբեջանական տվյալների հոսքն է անցնելու հայկական կապուղիով, այլ ոչ թե հակառակը, և թեև համաձայնագրով Հայաստանը ևս տեսական հնարավորություն ունի օգտվելու ադրբեջանական ենթակառուցվածքներից, սակայն իրենք չեն պլանավորում օգտագործել դրանք:
«Ազատության» հետ զրույցում «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանն ասում է՝ Հայաստանը տարանցիկ կապուղի է տրամադրելու, Ադրբեջանից դեպի իր կազմում գտնվող Նախիջևանի ինքնավարություն՝ տվյալներ փոխանցելու համար, հայկական որևէ տեղեկատվության հասանելիություն Ադրբեջանը չի ստանում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանն, ով իր գրառման մեջ շեշտել էր, որ լրագրողներին հարցազրույց չի տալու, նշել էր, որ եթե այժմ «Տելեկոմ Արմենիա»-ն մտադրություն չունի Ադրբեջանի տարածքը օգտագործել տվյալների տարանցման համար, ապագայում նման հնարավորությունը չի բացառվում, քանի որ համաձայնագիրը տարանցման փոխադարձ հնարավորության մասին է, իսկ իր մտահոգություններն ընկերության հայտարարությունը չի փարատում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն ասում է՝ ընդհանրապես բոլոր պարագաներում անկախ համաձայնագրերից, պայմանագրերից, երկրներից, տվյալների անվտանգության մասին միշտ պետք է մտածել:
Համացանցում նկատվող որոշ գրառումներ, թե պետք է հրաժարվել «Թիմ տեկելոմ»-ից, քանի որ ադրբեջանական ընկերության հետ համաձայնագիր է կնքել, Արթուր Պապյանը տրամաբանական չի համարում ու հիշեցնում է, որ ինտերնետը փաստացի հիմա Հայաստան է հասնում հարյուր տոկոսով ադրբեջանական ընկերությանը պատկանող մալուխով:
2021 թվականին բազմաթիվ փորձերից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի մտերիմներից մեկը համարվող գործարար Նասիբ Հասանովը կարողացել է գնել Caucasus Online վրացական ընկերությունը, որից է կախված տարածաշրջանի ինտերնետը: Փաստացի ադրբեջանական սեփականատիրոջն է պատկանում Սև ծովի հատակով անցկացված 1200 կիլոմետրանոց մալուխը, որը կապում է Եվրոպան Կովկասյան տարածաշրջանի հետ և ինտերնետային կապ է ապահովում Վրաստանի, Հայաստանի և այլ հարևան երկրների համար:
Արթուր Պապյանը կարծում է, որ ապագայում Հայաստանն էլ կարող է Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել, եթե իրագործվեն տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված տարածաշրջանային խոշոր ծրագրերը:
«Օրինակ՝ Թուրքիայում շատ մեծ տվյալների կենտրոններ են, գլոբալ հսկաների սերվերներ և այլն, ենթադրում եմ, որ աշխատանքներ պիտի տարվեն նաև՝ թուրքական ուղղությամբ ինչ-որ կապեր բացելու: Սա էլ թույլ է տալու, օրինակ, Ադրբեջանի ուղղությամբ Կասպից ծովով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Այսինքն, եթե շարունակում ենք IT երկիր լինելու ռազմավարությունը, մեզ պետք է դառնալ IT խաչմերուկ», - նշեց Պապյանը:
Հայաստանն արդեն իսկ տարածաշրջանային տարանցիկ օղակ է, հիմա հիմնականում հյուսիս-հարավ գծով: Հայաստան մտնող ինտերնետային տրաֆիկի 90 տոկոսը հայաստանյան ենթակառուցվածքներով տրանզիտով անցնում են դեպի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, օրինակ, Իրաք ու Աֆղանստան: Հիմա նաև արևելք, արևմուտք՝ Ադրբեջանից Նախիջևան ուղղությունը պետք է միանա: «Թիմ տելեկոմ»-ից ասում են՝ միացումները լինելու են Կոռնիձորում ու Երասխում, երբ ԱԱԾ-ից ստանան թույլտվություն:
Ընկերությունը չի բացահայտում ադրբեջանական ընկերության հետ գործարքի գինը՝ դա համարելով առևտրային գաղտնիք: