Մատչելիության հղումներ

Համաձայնագիր «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև. ադրբեջանական կողմը «հասանելիություն կստանա մալուխին, ոչ թե տվյալներին»

Հայաստանի «Տելեկոմ Արմենիա»-ն ու Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը ստորագրել են մի համաձայնագիր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։

Այդ ծառայության դիմաց ադրբեջանական կողմը հայկական ընկերությանը վճարելու է, թե որքան, «Տելեկոմ Արմենիա»-ից չեն հստակեցնում. կոմերցիոն հարց է։

Միացումներ կանեն Կոռնիձորում ու Երասխում. «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ նախ պետք է Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան թույլտվություն տա։

Բարսեղյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։

Ըստ նրա՝ չեն միանալու հայկական ցանցին, այլ կարողանալու են օգտվել մալուխներից։

«Ազատությանը» տված հարցազրույցում «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրենը մանրամասնեց, որ տրանզիտը դեպի Նախիջևան ենթադրում է. «Կաբելը ոչ թե Հայաստան է մտնում, այլ սահմանակետին, ինչպես Վրաստանի հետ կա, Թուրքիայի հետ կա, Պարսկաստանի հետ կա... Ամեն մեկը բերում է իր մալուխը, հենց սահմանի վրա սվարկա է արվում, ու գնում է Ա կետից՝ Բ կետ»։

Ըստ նրա՝ «կարծես սահմանային անցակետ ես ունենում, տալիս ես ծառայություն զուտ Տելեկոմ Արմենիայի ցանցով, ոնց որ գնում է, ստացվում է Կոռնիձորից դեպի Երասխ սահմանով, այլ ոչ թե էդ բնակավայրի միջով»։

Արամ Բարսեղյանի խոսքով՝ սա չի ենթադրում ինտերնետի հոսք.

«Չէ, ինտերնետ չի... ինտերնետ չկա, ընդամենը տարանցիկ կապուղի է, որով իրենք իրենց ինտերնետն են օգտագործում... Մենք հայկական որևէ դատա իրենց չենք վաճառում, Հայաստանից որևէ բան իրենց չենք վաճառում, մենք մեր կապուղով իրենց հնարավորություն ենք տալիս, ոնց որ՝ Ա կետից Բ կետ հասնելու, որպեսզի իրենք կարողանան Նախիջևանից՝ Ադրբեջան և հակառակը», նշեց Արամ Բարսեղյանը՝ հավելելով, որ սա «ռազմավարական շատ մեծ առավելություն է»։

Ըստ էության, TRIPP-ի տրամաբանությամբ համաձայնություն է, ասում է Բարսեղյանը։ Թեև ուղղակիորեն TRIPP նախագծի մաս չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ TRIPP-ի շրջանակում տարանցման նաև ենթակառուցվածքներ են լինելու Հայաստանի տարածքով՝ մալուխ, գազատար և այլն։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG