Հետընտրական բողոքարկումները Սահմանադրական դատարանում. 2021-ի և 2026-ի զուգահեռները

Հինգ տարի առաջ այս օրերին ընդդիմությունը կրկին փորձում էր Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: Այն ժամանակ ընդդիմադիր առաջատար ուժը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն էր: Հետպատերազմական արտահերթ ընտրություններում երկրորդ նախագահը հեղափոխությունից հետո փաստացի առաջին ձեռնոցն էր նետել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրողներին խոստանալով հեռացնել նրան իշխանությունից:

2021-ի քվեարկության արդյունքները, սակայն, հեռու էին իշխանափոխությունից. վարչապետի կուսակցությունը ստացավ շուրջ 54, իսկ Քոչարյանի դաշինքը՝ 21 տոկոս քվե: Բարձր ատյանում արդյունքների բողոքարկմանը միացել էր անցողիկ շեմը հաղթահարած Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ը և քիչ քվե ստացած 2 կուսակցություններ, որոնք հետագայում քաղաքական դաշտում չերևացին:

Սահմանադրական դատարանում երկրորդ նախագահի թիմակիցները փաստարկում էին, որ վարչապետը գրեթե ամբողջ քարոզարշավն անցկացնում էր մրցակիցներին սպառնալով՝ օդում մուրճ ճոճելով: Բարձր դատարան եկած իրավապահները, մինչդեռ, պնդում էին, որ Փաշինյանի մուրճը օրենքի դիկտատուրան է խորհրդանշում:

Սերժ Սարգսյանի կաբինետում երկար պաշտոնավարած Դավիթ Հարությունյանն օրեր շարունակ դատարանին բացատրում էր, որ նախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանի օգտագործած բառամթերքը խաթարել է ազատ ընտրության մթնոլորտը: Ինչպես այս՝ 2026-ի ընտրապայքարում, երբ վարչապետը Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին սպառնում էր սատկացնել, ազատազրկել, այն ժամանակ էլ Փաշինյանի խոստումները մեղմ ժանրից չէին:

Ինչպես հիմա, 2021-ի ընտրություններից հետո էլ ընդդիմադիրները պնդում էին, որ իշխանությունները չարաշահել են վարչական ռեսուրսը, ուղղորդել զինվորներին: Ավելին, 5 տարի առաջ վարչապետը հրաժարական էր տվել ու, ըստ Քոչարյանի և Սարգսյանի, չէր կարող շարունակել որպես պաշտոնակատար մնալ Կառավարությունում և օգտվել պետական լծակներից:

6 օր լսելով կողմերին դատարանն ի վերջո որոշեց. «Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները ամփոփելու մասին թիվ 184Ա որոշումը թողնել ուժի մեջ: Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Թե՛ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը, որ մի քանի օրից դատարանում հանդես կգա արդեն Սամվել Կարապետյանի շահերից և թե՛ Սերժ Սարգսյանի թիմակիցը շտապեցին դատարանի որոշումը գնահատել անարդար:

Ի դեպ, այս որոշումը կայացրեց նույն դատարանը, որը սրանից առաջ փաստացի արդարացրել էր Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով:

Անկախության շրջանում Հայաստանի Սահմանադրական դատարանը երբեք չի բավարարել ընդդիմադիր որևէ ուժի հետընտրական հայց ու չեղարկել քվեարկության արդյունքները կամ գոնե երկրորդ փուլ նշանակել: Միակ բացառությունը 2003 թվականի նախագահական ընտրություններն էին, երբ բարձր ատյանն վստահության հանրաքվեի անհրաժեշտության մասին գրեց վճռում, որը, սակայն, Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ կյանքի չկոչեց: Ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքները ճնշվեցին:

Նախագահական ընտրությունների արդյունքները 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Սահմանադրական դատարանում բողոքարկեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ներքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակը, սակայն, բարձր ատյանը չթոթափեց՝ արտակարգ դրության պայմաններում ամբողջությամբ մերժելով առաջին նախագահի բողոքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ առնվազն երկու դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԸնտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են ՍԴ հունիսի 26-ի նիստումՅոթ քաղաքական ուժեր ՍԴ են դիմել. վիճարկում են ընտրության արդյունքներըՔՊ-ն ընդդիմությանը լեգիտիմ չի համարում, բայց ընտրությունների չեղարկմանը դեմ է