Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը ներկայացնում է որպես ազգային առաջնահերթություն

Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հարց էր հնչեցնում՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այդ նույն րոպեներին ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը, որին մասնակցում էին նաև գիտնականներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:

Համաժողովի ժամանակ ադրբեջանցիները ոչ միայն Հայաստան իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլ նաև հստակ պահանջներ, ուղիղ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին: Ադրբեջանի պետական լրատվամիջոցները երեկվանից պատառիկներ են ներկայացնում միջոցառումից:

«Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է ադրբեջանցիներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ, նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, նշել է. «Հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք նաև Գյոյչայում»:

Ադրբեջանցի լրագրողներն այս մարդկանց ներկայացնում են որպես միջոցառման մասնակիցներ, որոնք հուշեր ունեն անցյալից։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության նախագահ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Էլեքբերլին ավելի հեռուն գնաց. «Լավ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը, քանի դեռ ուշ չէ, ընդունի այս իրողությունը, և համաձայնություն տա, ապահովի, որպեսզի այդ մարդիկ խաղաղ ճանապարհով վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Հակառակ դեպքում, բնականաբար, ցանկացած այլ եղանակով այդ մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք անխուսափելի է»։

Օրդուբադում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, երեկ էլ իր ելույթում հայտարարել էր. «Նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» հարցը սահմանել է որպես ազգային օրակարգի կարևոր ուղղություններից մեկը»:

«Խոսքը պարզապես մեր հողերը վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրերը վերադառնալու և մեր կյանքը շարունակելու մասին է», - նշել է նա։

Ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյան այս հարթակն էլ բաց չթողեց ևս մեկ անգամ հիշեցնելու հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր հարաբերությունների ձևավորման հնարավորություններ են ստեղծվում։ Սակայն դեռ կան իրավական հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը։ Եթե այդ գործընթացները տեղի ունենան, կբացվեն նոր հնարավորություններ քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության համար։ Նպատակն է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովումը։
Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը՝ առաջնորդվելով ազգային շահերով», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահ։

Զիյաֆեթ Ասքերովի խոսքերը մեջբերելիս ադրբեջանցի լրագրողը նաև ընդգծում էր՝ վերադարձի հայեցակարգը ներառում է հարյուր հազարավոր մարդկանց անվտանգ և իրավական վերադարձը։

Չնայած Բաքվից արդեն տևական ժամանակ հնչող պահանջին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար պնդում է՝ խաղաղության հաստատմամբ փակում են և՛ Ղարաբաղյան շարժումը, և՛ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հարցը:

«Մենք փակել ենք 500 հազար հայի Ադրբեջան վերադառնալու թեման և դրանով իսկ փակել ենք ադրբեջացիների վերադառնալու թեման», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ը բորբոքում է «300 հազար ադրբեջանցիների» թեման, Փաշինյանը հակադարձում է՝ ասողը «գլուխը պատով է տալիս»

Քարոզարշավի ամբողջ ընթացքում հնարավոր բոլոր առիթներով այս մասին բարձրաձանող Փաշինյանը մեղադրում է ընդդիմությանը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ին 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեմա բորբոքելու համար։ Ու մինչ այս թեման Փաշինյանին հաճախ դրդում է էմոցիոնալ ելույթների, Բաքվից շարունակում են ամենաբարձր մակարդակով թեժացնել այն։

Ադրբեջանական Օրդուբադում երեկ երկրի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը հստակ ուղերձ է ուղղել գիտական և կրթական հաստատություններին. «Արևմտյան Ադրբեջան թեման դարձել է կրթության և գիտության հիմնական ուղղություններից մեկը։ Նախարարության կողմից պատրաստվող կրթական ռեսուրսները և ուսումնական նյութերը բաց են հասարակական քննարկման համար»:

300 հազար ադրբեջանցիների թեման մեջտեղ բերել՝ նշանակում է Հայաստանի պետական շահի դեմ գործել. այս մասին մեկ անգամ չէ տարբեր հարթակներից ու տարբեր հնչերանգներով հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Բաքվից, ըստ էության, այսօր ԱԺ փոխխոսնակ Ասքերովի մակարդակով են արձագանքել. «Ինչպես նշել է պարոն նախագահը, մենք ցանկանում ենք այնտեղ գնալ միայն խաղաղության դրոշը ձեռքին»։

Խաղաղության մասին խոսելիս պաշտոնական Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մոտ մեկ ամսի առաջ էր «Ազատությանը» հայտնել, որ Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացումը չի տեղավորվում խաղաղության գործընթացի մեջ։

«Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը», - ասել էր Միրզոյանը:

ԱԳՆ-ից այսօր կարճ արձագանքեցին Օրդուբադում անցկացվող և հայկական կողմի գնահատմամբ՝ խաղաղությանը չնպաստող թեմայով միջոցառմանը։ «Խնդրի վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշումը հնչեցվել է տարբեր առիթներով, այդ թվում՝ նախարարի մակարդակով»,- փոխանցեց Արտգործնախարարության խոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»«Ուժեղ Հայաստանը» խոստանում է «Սաֆարովի կանխարգելման» օրենք ընդունել«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքում