Ոմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերը դեռ որոշում չունեն «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկի շուրջ. ոմանք կոնկրետ առաջարկների են սպասում, ոմանք էլ նախապայման են դնում միլիարդատեր գործարարի առաջ:

Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով: Մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելուց բացի, Կարապետյանը խոսել էր՝ «ճիշտ պահին փողոցային պայքարը գեներացնելու ու մեծ հանրահավաք կազմակերպել մասին, որը պետք է ունենա արդյունք»:

«Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը կարձագանքեն, ու մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա», - հայտարարել է Կարապետյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում է

Ընդդիմադիր ուժերից առայժմ միայն Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն է կիսում Կարապետյանի այս առաջարկը:

Ռոբերտ Քոչարյան

Դաշինքի անդամ, դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, թե ընդդիմության օրակարգում են՝ «Կեղծված ընտրություններն ու անվտանգային հարցերը»:

«Գաղափարը, որն առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ ու բազմաթիվ անգամ հանդես եկել ենք, հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը», - նշեց Սաղաթելյանը:

Ընտրություններում ընդդիմադիրների շարքում 3-րդ ամենաշատ ձայները հավաքած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առայժմ չի շտապում արձագանքել Սամվել Կարապետյանին:

Գագիկ Ծառուկյան

Շուրջ 60 հազար ձայն ստացած ԲՀԿ-ն դեռ դիրքորոշում չունի: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր տեղեկացրեց, թե Կարապետյանի առաջարկին ծանոթացել են լրատվամիջոցներից, և դեռ չեն հասցրել քննարկել այդ հարցը:

«Կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռևս պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, որովհետև զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով, բայց հարգանքով ենք վերաբերվում պարոն Կարապետյանի առաջարկին», - նշեց Տոնոյանը:

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից՝ 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու արդյունքում, և այդ որոշումն ու ընտրությունների արդյունքներն այժմ վիճարկում է ՍԴ -ում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Յոթ քաղաքական ուժեր ՍԴ են դիմել. վիճարկում են ընտրության արդյունքները

Առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից «Ազատությանը» փոխանցեցին, որ Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ «որոշում դեռ չունեն»:

Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ-ն այն ուժերից էր, որն ամիսներ առաջ բանակցում էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» հետ՝ հունիսի 7 -ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար: Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն անգամ գովեստի խոսքեր էր շռայլել Կարապետյանի հասցեին, ասելով՝ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»:

Բանակցությունները, սակայն, այդպես էլ արդյունք չտվեցին, առաջին նախագահի ղեկավարած ուժը առանձին մասնակցեց ընտրություններին և ստանալով շուրջ 3 հազար ձայն՝ դուրս մնաց խորհրդարանից:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը, որ դեռևս գնահատական չի հնչեցրել հունիսի 7 -ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, դեռևս մայիսին, ասել էր, որ իրեն «շատ ավելի մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել երկրի համար»:

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի առաջարկին չի շտապում արձագանքել նաև «Լուսավոր Հայաստանը»: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս փոխանցեց, որ քննարկում դեռ չեն ունեցել:

Էդմոն Մարուքյան

Ի դեպ, Մարուքյանը այն ուժերից էր, որ տարեսկզբին կոչ էր անում ընդդիմությանը միասնական բևեռով մասնակցել ընտրություններին: Ի վերջո, այս ուժը ևս միայնակ մասնակցեց և ստանալով շուրջ 7 հազար ձայն՝ դուրս մնաց խորհրդարանից:

Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևերը» թեև ողջունում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկը, սակայն դեռ չի շտապում ասել՝ կիմանան ընդդիմադիր պլատֆորմին, թե ոչ:

Արման Թաթոյան

Կուսակցության պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե կոնկրետ առաջարկի են սպասում:

«Եթե կլինի կոնկրետ առաջարկ, կոնկրետ քայլեր, ինձ թվում է, կլինեն քննարկումներ քաղաքական ուժերի հետ, այս պահին մենք չունենք նման առաջարկ», - ասաց նա:

Սամվել Կարապետյանի համախմբման առաջարկին ԱՄՆ բանտից արձագանքել է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը: Հունիսի 7-ի ընտրություններում մոտ 26 հազար ձայն ստացած ԴՕԿ-ի առաջնորդը Սամվել Կարապետյանի առջև նախապայմաններ է դնում:

Վարդան Ղուկասյան

«Միանալու մասին խոսք կարող է գնալ այն ժամանակ, երբ Դուք կհայտարարեք, որ չեք գնում Ազգային ժողով, չեք վերցնելու մանդատները, պետք է հրաժարվեք մանդատներից, պետք է հայտարարեք, որ գնում եք նոր ընտրությունների», - ասել է Ղուկասյանը:

Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ի Միգրացիոն վարչության կողմից ձերբակալվել էր դեռ անցած տարվա փետրվարին:

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» դաշինք կազմեց հանրությանն անհայտ 2 ուժի հետ՝ փաստացի մերժելով համագործակցությունը քաղաքական դաշտի հնաբնակների հետ:

Ողջ քարոզարշավի ընթացքում իր հաղթանակի մասին պնդող Սամվել Կարապետյանի ուժը խորհրդարանում ստացել է 29 մանդատ:
Դատելով գործարարի նախօրեին արած հայտարարությունից, միլիարդատեր գործարարն այժմ փորձում է ուղղել, իր ձևակերպմամբ, այն սխալը, որը թույլ տվեցին ընտրություններից առաջ:

«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մեքն չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի ու ժողովրդի համար այս համախմբումը», - ընդգծեց է Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի կողմից ընդդիմադիր դաշտը համախմբելու և Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրությանն այսօր արձագանքել է իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ միլիարդատեր գործարարը ժողովրդին փողոց դուրս բերելու ներուժ չունի:

Արթուր Հովհաննիսյան

«Այդքանից հետո մտածում է, որ ինչ-որ մարդ պետք է դուրս գա, կանգնի իր կողքը: Ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը», - ասաց Հովհաննիսյանը:

Իշխող ուժը առհասարակ մեղադրում է ընդդիմությանը՝ ընտրակաշառքով խորհրդարան անցնելու համար: