Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Պարսից ծոցի նեղուցի վարչությունը միջոցներ կձեռնարկի Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերին արագ թույլտվություն տրամադրելու համար՝ համաձայն Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի։
Այս փաստաթղթի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը: Իրանը վերջերս է ստեղծել այս Պարսից ծոցի նեղուցի վարչությունը, որն էլ զբաղվում է նեղուցով երթևեկության համակարգմամբ:
Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նշել է, որ առևտրային նավերը ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա բանակցությունների ընթացքում որևէ գումար չեն վճարի Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ նեղուցով անցնել ցանկացող առևտրային նավերը պետք է նախապես դիմում ուղարկեն Պարսից ծոցի նեղուցի վարչություն։
Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նաև նշել է, որ նեղուցով նավերի երթևեկության ապահովման ծախսերը կհոգա Իրանի կառավարությունը։ Հաշվի առնելով հատուկ հանգամանքները և երթուղու երկայնքով անվտանգության որոշ ռիսկերի առկայությունը, անվտանգ անցումն ապահովելու և ծովային միջադեպերը կանխելու համար նավերը պետք է անցնեն այն ժամանակ և այն երթուղով, որն իրենց կհայտարարվի, որպեսզի երթևեկությունը կարողանա աստիճանաբար ավելանալ, նշել է Խորհուրդը։
Նաև նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցման գործադիր կարգավորումների և մանրամասների մասին կհայտարարի Պարսից ծոցի նեղուցի վարչությունը։ Այլ հարցեր, այդ թվում՝ ականազերծումը և անհրաժեշտ միջոցառումները, կհիմնվեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի վրա։
Իրանի դեմ պատերազմից առաջ Հորմուզով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Իրանը պատերազմի ընթացքում փակել էր նեղուցը և միայն Թեհրանի համար բարեկամ համարվող երկրների նավերին էր թույլ տալիս անցնել: