Դոնալդ Թրամփը գուցե որոշի մինչև ուրբաթ հրապարակել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու նախնական համաձայնագիրը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը երեկ G7-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է։
«Նախագահն ասել է, որ համաձայնագիրը կհրապարակվի ուրբաթ։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրը դրանից շուտ։ Բայց մենք ունենք պաշտոնական արարողություն՝ նախատեսված ուրբաթ»,- ասել է Ջեյ Դի Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը «մոտ մեկուկես էջ» է և «շատ ընդհանուր» փաստաթուղթ է, որը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների էլեկտրոնային եղանակով ստորագրել են ամերիկյան կողմից՝ Թրամփն ու Վենսը, իսկ իրանական կողմից՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Վենսը շեշտել է, որ համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60 օրերի ընթացքում, երբ կողմերը կբանակցեն վերջնական համաձայնագրի դրույթները, Հորմուզի նեղուցով անցման համար գումար չի գանձնվի նավերից:
«Գործարքում ասվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուց մուտքն ու ելքը կլինի անվճար»,- Fox New հեռուստաընկերությանն ասել է նա՝ անդրադառնալով լուրերին, թե Թեհրանը մտադիր է գումար գանձել նեղուցով անցման համար:
ԱՄՆ փոխնախագահը նշել է, թե ակնհայտ է, որ Իրանի ներսում որոշ տարրեր փորձելու են շեշտադրել որոշ առավելություններ, որ ստանում է Իրանը՝ միաժամանակ թերագնահատելով այն, ինչ այս գործարքից ստանում է ԱՄՆ-ն:
«Իսկ ճշմարտությունն այն է, որ վճարներ չեն գանձվի, Հորմուզի նեղուցը բաց կլինի: Եվ, ի դեպ, մենք արդեն իսկ տեսնում ենք Հորմուզի նեղուցով անվճար երթևեկության զգալի աճ»,- ասել է նա։
Վենսը նշել է, որ գործարքը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից ուղղակի ֆինանսավորում, և ցանկացած ներդրում կգա այլ երկրներից, եթե Իրանը կատարի իր պարտավորությունները։
«Համաձայնագրում … ասվում է, որ եթե իրանցիները լավ պահեն իրենց, եթե պատժամիջոցները մեղմացվեն, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսությանը, մենք կհրավիրենք այլ երկրների, ոչ թե մենք, այլ այլ երկրների, ներդրումներ կատարել նրանց երկրում։ Դա լավ է, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն համաձայնագրի պայմանները»,- ասել է նա։