Իշխանությունից դժգոհ մարդկանց հաղթանակ խոստացած Սամվել Կարապետյանն ի՞նչ է անելու պարտությունից հետո, միլիարդատերը հաշտվելո՞ւ է ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, թե՞ այլ ծրագրեր ունի:
«Գլխավոր հարցն ենք անելու, անելու ենք ամեն ինչ՝ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք», - ասաց Կարապետյանը:
Նախնական արդյունքներով շուրջ 23 տոկոս քվե ստացած «Ուժեղ Հայաստանը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է դիմել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Եթե մերժեն, հետո էլ Սահմանադրական դատարանում արդյունքները կվիճարկեն:
«Եթե ինքը էդքան վստահ է, որ հաղթել է, կարող ենք ապացուցել 2-րդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները ադրբեջանցիների համար: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում: Եթե իրենք վստահ են, որ հաղթել են, ոչ մի խնդիր չկա, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք 2-րդ փուլը: Մենք համաձայն ենք նոր ընտրությունների, եթե ոչ՝ երկրորդ փուլ», - նշեց նա:
Երկրորդ փուլի մասին ամենաշատ քվեն ստացած իշխող ուժի շարքերից ակնարկներ անգամ չկան: Ավելին «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը պնդում է, որ իրենց ստացած քվեները օրգանիկ են, ընդդիմադիրներինը՝ ընտրակաշառքով:
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե առնվազն մինչև այն շեմը, որը պետք է», - հայտարարել է Փաշինյանը:
Ընդդիմադիրների շարքում ամենաշատ քվե ստացած ուժի առաջնորդը հերքում է, որ ընտրակաշառք են բաժանել: Իրավապահների հարուցած քրեական գործերը որակում է անհիմն ու ճնշում իր համախոհների նկատմամբ: Կարծում է, որ այս ընտրություններում հաղթանակը ուրիշներինն է:
«Այս ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը», - ասաց Սամվել Կարապետյանը:
Փաշինյանի առաջնորդած ուժը չի ստացել այնքան քվե, որ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ունենա: Մինչդեռ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում էլ է շեշտել, որ սահմանադրական մեծամասնությունն ավելի կարևոր է, քան ուղղակի հաղթանակը:
«Լինելու է սեպտեմբերին աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն.... չեմ ասում ընտրություններում հաղթի...», - հայտարարել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»Այս արդյունքներով ստացվում է, որ Ազգային ժողովում ՔՊ-ն ընդդիմադիրների աջակցության կարիքը կունենա: Եթե որոշեն մանդատները վերցնել, Կարապետյանը վստա՞հ է, որ իրենց շարքերից չեն միանա իշխող ուժի նախաձեռնություններին, գաղտնի քվեարկությանը: Այս խորհրդարանում օրինակներ կան, որ ընդդիմադիրները լքում են խմբակցությունն ու անկախ պատգամավորի կարգավիճակում քվեարկում իշխանությունների նախագծերի օգտին:
«Կարևորը պատգամավորներն են, վստահ ենք, որ չեն միանալու ՔՊ-ին», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» ղեկավարը:
Գործարար Կարապետյանը, որ քաղաքականություն մտնելու ու իշխանությանը հեռացնելու մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության նկուղից, խոստովանում է՝ իր սպասելիքները չիրականացան: Ընտրություններին ակտիվ մասնակցությունն էլ, որ կարծում էին իրենց օգտին է լինելու, չեղավ:
«Մենք խաբվեցինք, եր սպասելիքները չիրականացան, իրենց հնարավորություն տրվեց, իրենց սև գործը անել», - նշեց Կարապետյանը:
Սև գործ ասելով՝ Կարապետյանը նկատի ունի, իրենց բնորոշմամբ զանգվածային խախտումները, նախընտրական փուլում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը:
Սամվել Կարապետյանը ազատությունից զրկվեց անցած տարվա հունիսին Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Գործարարը խոսել էր եկեղեցու պաշտպանությանն իր ձևով մասնակցելու մասին, քրեական գործ հարուցեցին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով, ազատությունից զրկելուց հետո ավելացրին խոշոր չափի հափշտակության, հարկերից խուսափելը կազմակերպելու և փողերի լվացման մեղադրանքները: Նա շարունակում է տնային կալանքի տակ մնալ:
Հերթական նիստին մասնակցող Կարապետյանին այսօր հարցրինք՝ արդյոք չի՞ փոշմանել քաղաքականություն մտնելու որոշման համար. «Դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար, այս օրհասական պահին, երբ ամբողջությամբ, միակողմանի, հանձնվողական քաղաքականություն է, համատարած աղքատություն է, ես իրավունք չունեմ ուրիշ բանի մասին մտածել: Այս անգամ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման ճանապարհին»: