Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է. ադմիրալ Հաբիբոլլահ Սայարի

Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, իրանական զինուժը նաև շարունակում է «իշխանություն» ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգողի տեղակալ ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին:

«Հորմուզի նեղուցի արևմտյան մասը, նեղուցն ինքը և Պարսից ծոցը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմի անսասան վերահսկողության տակ են, - իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Սայարին, - Ոչ մի նավ չի կարող մուտք գործել առանց մեր թույլտվության»։

Բարձրաստիճան սպան նաև արձագանքել է ԱՄՆ-ի պնդումներին, թե ոչնչացրել են Իրանի նավատորմը:

«Ասում են, որ իրանական նավատորմը վնասվել է։ Եթե տղամարդ են, թող առաջ գան։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իշխանություն տարածաշրջանում», - ասել է նա։

ԱՄՆ-ն իր հերթին ծովային շրջափակում է ստեղծել Իրանի շուրջ և պնդում է, որ առանց իր իմացության ոչ մի նավ դուրս չի գալիս Պարսից ծոցից:

Ադմիրալ Հաբիբոլլահ Սայարիի հայտարարությունը հնչում է ժամեր անց այն բանից, երբ արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ամերիկյան զինուժը գիշերն իրանական երկու անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում, որոնք փորձում էին հարվածել նեղուցով անցնող նավերին:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ: Սակայն Թեհրանը հերքել է՝ պնդելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

IRNA. «ԱՄՆ-ի հետ համաձայնեցված փաստաթղթով Հորմուզի նեղուցը մնում է Թեհրանի վերահսկողության տակ»