«Քաղաքացիներն այս պահին մտահոգվելու առիթ չունեն». Խուդաթյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին

«Գազը Ռուսաստանից ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է գազի գինը բարձրանա ռուսական կողմի պահանջով, Խուդաթյանը պատասխանեց. «Զարգացումներ չկան, վերջին ու առաջին տեղեկատվությունն այն է, որ շուրջ 20 օր առաջ է եղել: Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ: Նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը ժամկետի մեջ են մինչև 2027 թվականի տարեսկիզբ»:

Իսկ հնարավո՞ր է դիմեն գնի բարձրացման համար, Խուդաթյանը պատասխանեց. «Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարողանա ասել՝ հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չի»:

«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն պաշտոնական որևէ դիմում չունի հայկական կողմը, նախարարն արձագանքեց. «Սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ մեկ ամիս առաջ: Մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրություն այդ բովանդակությամբ»:

«Մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում՝ սակագնի ավելացման մասով, այդքան էլ պատկերն այնպիսին չէ, ինչպիսին կարող է թվալ առաջին հայացքից: Ես կարող եմ ասել, որ քաղաքացիներն այս պահին մտահոգվելու առիթ այդ առումով չունեն», - ընդգծեց նա:

Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը և զգուշացնում Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու» դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ