ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու՝ «Հանրապետություն» կուսակցությունը դիմումը: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նիստի սկզբում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Արամ Սարգսյանի դիմումը: «2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով քողարկված գույքային շահագրգռվածության ուղղված բազմաթիվ գործողություններ», - նշված է դիմումում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

Միջնորդությունը մերժվեց

«Հանրապետություն» կուսակցությունը միջնորդեց, որ ԿԸՀ-ն Հակակոռուպցիոն կոմիտեից, Գլխավոր դատախազությունից ու ԱԱԾ-ից պահանջի տեղեկանք, որը կպարունակի տեղեկություն այն անձանց մասին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վայրույթների շրջանակներում գտնում են իրավապահների տեսադաշտում ընտրակաշառքի գործերով: ԿԸՀ-ն այս միջնորդությունը մերժեց:

Կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 5 անդամի որոշմամբ, եթե գրանցումից հետո հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Ընտրական օրենսգրքում նկարագրվում է, թե «կեղծվածը» ինչ է նշանակում. նշված է մեկ օրինակ՝ կուսակցության համագումարի կամ ղեկավար մարմնի ոչ իրավազորության կամ անհրաժեշտ որոշումներ չընդունելու հիմքը, բայց միայն, եթե դա հաստատվել է դատական ակտով: ԿԸՀ անդամները նկատեցին, որ գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը այս դեպքում առկա չէ:

Ինչ վերաբերում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, ապա այս դեպքում դատարանը կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Բոլոր այս դեպքերում որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն իրավական անհեթեթություն որակեցին դիմումը: Դիմումի պահանջը հստակեցնելու պահանջ եղավ:

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգրքում և՛ գրանցումն անվավեր ճանաչելու, և՛ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը հստակ են՝ երկուսի դեպքում էլ պետք է իրավական ակտ լինի:

«Ընտրական օրենսգիրքը ասում է՝ շարունակական բնույթի խախտումներ... դուք նույնիսկ մեկ խախտում չեք հիմնավորել, բայց խոսում եք շարունակական խախտումների մասին: Դուք ասում եք՝ եկեք ուժը կորցրած ճանաչենք, որովհետև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ մամուլի հրապարակում կա: Նարեկ Կարապետյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի, պնդում էիք, թե մեղադրանք կա առաջադրված: Չկա՛ մեղադրանք»,- ասաց Վարդևանյանը՝ խնդրելով սեղմ ժամկետում մերժել դիմումը:

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմում ներկայացրեց երեկ Հանրայինի եթերում բանավեճի ժամանակ վարչապետ Փաշինյանի հորդորից հետո: Այդ բանավեճի ժամանակ միտք հնչեց, որ մինչ այս ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների, հրապարակված ձայնագրությունների հիման վրա պետք է «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ընտրություններին չեղարկվի, բայց Փաշինյանն ասաց՝ իրենք այդ քայլին չեն դիմել, որպեսզի իրենց չմեղադրեն, թե վախենում են պարտությունից: Վարչապետը հորդորեց, որ այդ հարցով զբաղվի Հանրապետությունը կամ այլ կուսակցություններ: «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը նախ անմիջապես համաձայնեց, ապա բանավեճի կեսից միտքը փոխեց և տպավորություն էր, որ չի դիմելու: Բայց փաստորեն այսօր, այնուամենայնիվ, այսօր որոշեց դիմել:

Այսօր արդեն ԿԸՀ նիստում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը այս ամենը «ուղիղ հրահանգ» համարեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր ճանաչելու հարցով