Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից բարձրացված մտահոգություններին՝ հայտարարելով, որ աջակցում է ատելության խոսքի և կալանքի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ ՄԻՊ դիրքորոշումը։
Մարագոստ նշել է, որ շատ օգտակար քննարկում է ունեցել Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ՝ ընտրություններից առաջ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի և դրա հետ կապված գործերի, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքի վերաբերյալ։
Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել: Արցախցի Արթուր Օսիպյանը վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:
ՀՀ ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ ԵՄ դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանը, մասնավորապես, անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին՝ ընդգծելով, որ շարունակաբար արձանագրվում են մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տարբեր դրսևորումներ։
«Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն հավասար և միասնական չափանիշներով՝ բացառելով ընտրովի մոտեցումները», - ասված է հայտարարությունում։
Անդրադառնալով ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին, Անահիտ Մանասյանը նշել է, որ կալանքը հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն: