«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր ճանաչելու հարցով

Ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր ճանաչելու հարցով;

«Հանրապետությունը» դիմումում երկու հարց է ներկայացրել՝ գրանցումն անվավեր ճանաչելու, եթե՝ ոչ, նույն պահանջով դատարան դիմելու:

«Ազատությանը» հետ զրույցում Արամ Սարգսյանի թիմակից, պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանն ասաց, որ ըստ իրենց՝ այս ընթացքում բազմաթիվ հիմնավոր բացահայտումներ են եղել, որպեսզի «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչվի: Առաքելյանը՝ շեշտեց, որ իրենց դիմումը վերաբերում է միայն «Ուժեղ Հայաստանին»:

Կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 5 անդամի որոշմամբ, եթե գրանցումից հետո հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Ընտրական օրենսգրքում նկարագրվում է, թե «կեղծվածը» ինչ է նշանակում. նշված է մեկ օրինակ՝ կուսակցության համագումարի կամ ղեկավար մարմնի ոչ իրավազորության կամ անհրաժեշտ որոշումներ չընդունելու հիմքը, բայց միայն, եթե դա հաստատվել է դատական ակտով:

Իրավաբան Տիգրան Եգորյանը, ով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հետ այսօր ԿԸՀ էր գնացել դիմումը ներկայացնելու, ասաց, որ հարցը պետք է լուծվի մինչև ընտրությունների օրը. «Այս հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը, մինչև վաղը»:

«Այսօր կամ վաղը առավոտյան պետք է որոշում կայացնի ԿԸՀ-ն, հաշվի առնելով ու առավելապես ջանալով չզրկել մեզ դատարանի իրավունքից, դրա համար պետք է առավել հրատապ քննի այս դիմումը, որպեսզի մերժելու դեպքում մենք 24-ժամյա ժամանակ ունենանք վարչական դատարան դիմելու», - ասաց իրավաբանը:

Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին դիմում, «Հանրապետության» պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Սա փուլ է, որն այս պահին վրա հասավ, այդ դիմումը հնարավոր էր ներկայացնել նաև երեկ, չունենալով այսօր փաստերը, երեկ չէ առաջին օրը՝ չունենալով, օրինակ, երեկվա փաստերը»:

«Այդ մեկնաբանությունները, որ մենք աջակցում ենք ՔՊ-ին, ես կփորձեի հակառակ թևից բնորոշել, մենք տալիս ենք քարտ բլանշ, որպեսզի պահանջենք ակտիվ գործողություններ հանրային իշխանությունը ստանձնած քաղաքական ուժից»:

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը քննելու համար ԿԸՀ-ն այսօր նիստ կգումարի: Այն կանցկացվի դռնբաց:

Նիստը տեղի կունենան երեկոյան ժամը 10-ին:

«Ուժեղ Հայաստան» դաշինքից արձագանքում են. «Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։ Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում»։

Նախօրեին Հանրային եթերում կազմակերպված բանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիր ուժերի թեկնածուներին ասաց. «Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու, դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ մենք դիմենք, էդ մարդիկ ասելու են՝ վախեցան ընտրությունները պարտվեն: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է, Պարոն Սիմոնյան, Պարոն Սարգսյան, ինչո՞ւ չեք դիմում, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ի.... Ես կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել»: