Իսրայելի ազգային անվտանգության նախարարը քննադատել է հրադադարն իրականացնելու շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնագիրը՝ այն անվանելով «լուրջ սխալ»:
Իտամար Բեն-Գվիրն ասել է, որ այդ գործարքը վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականների երազանքն էր, որոնք նրան դրդում են սխալ որոշումների։
««Հեզբոլա»-ն միայն կուժեղանա, և Իսրայելը, դրան հաղթելու փոխարեն, հաշտվում է դրա գոյության հետ»,- X-ում գրել է ծայրահեղ աջ նախարարը։
«Կան պահեր, երբ պետք է իմանալ ինչպես «ոչ» ասել նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահին, և երբ մենք դա չենք անում, հաջորդ անգամ կհանդիպենք «Հեզբոլա»-ի հետ, երբ այն շատ ավելի ուժեղ և վտանգավոր կլինի»,- գրել է նախարարը։
Բեն-Գվիրը նշել է, որ «Հեզբոլա»-ն չի նահանջել Լիտանի գետի հարավից, ապա կասկածի տակ է դրել ձեռք բերված համաձայնությունն իրականացնելու՝ լիբանանյան բանակի կարողությունը: