ՔԿ-ն հաղորդում է 50-ից ավելի հասցեներում խուզարկությունների մասին

Քննչական կոմիտեն հայտնում է՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ:

«Ազատության» տեղեկություններով խուզարկությունները կատարվում են «Ուժեղ Հայաստանի» առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործի շրջանակում։ Այլ մանրամասներ իրավապահներն այս պահին չեն հաղորդում։

Խուզարկություններ են իրականացվում ամբողջ Հանրապետությունով։

Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը. «Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում։ Մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա՝ ոնց են փող լվացնում։ Ես փողերի լվացում մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվանում, ուրիշ ձև չգիտեմ»,- նախօրեին ասաց Կարապետյանը: