Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները, Իրանի խորհրդարանի խոսնակն ասել է իր լիբանանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում:
«Լիբանանի խորհրդարանի խոսնակի, իմ եղբայր պարոն Նաբիհ Բըրրիի հետ զրույցում ես ընդգծեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվեն, մենք ոչ միայն կդադարեցնենք երկխոսության գործընթացը, այլև կկանգնենք դրանց դեմ վճռականորեն»,- սոցցանցում գրել է Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը:
«Կեցցե՛ դիմադրությունը։ Կեցցե՛ հայրենիքի պաշտպանությունը։ Կեցցե՛ իրանցի և լիբանանցի ժողովուրդների եղբայրությունը», - հավելել է իրանցի պաշտոնյան:
Իրանական կիսապաշտոնական Tasnim-ը երեկ հաղորդել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի բանակցային թիմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը միջնորդների միջոցով: Ըստ գործակալության՝ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողությունները չեն դադարեցվել։
Աղբյուրը նաև նշել էր, որ դիմադրության ճակատը և Իրանը որոշել են ամբողջությամբ շրջափակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբ նեղուցում՝ մեկ այլ կարևոր ջրուղի, որտեղ միմյանց են միանում Ադենի ծոցն ու Կարմիր ծովը։ Պաշտոնական Թեհրանը չի հաստատել սա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, Truth Social-ում երեկ հավաստիացրել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։