Ո՞ւր է պետությունը մինչև ողբերգությունը․ երեխաների պաշտպանության օրն է

Մեկամյա փոքրիկին հուղարկավորեցին առանց արցունքի ու գեթ մեկ ծաղկի։ Նրան ծեծելով մահվան էր հասցրել ենթադրաբար հոր ընկերուհին։ Երեքամյա մեկ այլ երեխայի խեղդելով սպանեցին։ Մեղադրյալը սեփական հայրն է։

Հաշմանդամություն ունեցող երկու անչափահաս քույրեր ամիսներով սեռական բռնության էին ենթարկվում։ Բռնարարները ձերբակալվեցին մամուլի ահազանգից հետո միայն։ Ենթադրյալ մանկապղծության մեկ այլ դեպքով այլ մարզում քննությունն իրականացվել է ու գործը դատարան չի հասնում։

Երեխայի պաշտպանության միջազգային օրը քաղցր խոսքերից ավելի հարցադրումներ են հնչում վերջին ամիսներին Հայաստանը ցնցած զարհուրելի դեպքերի առիթով։ Ինչպե՞ս է, որ դժվար վիճակում հայտնված ընտանիքն ու այդտեղ ապրող երեխայի անպաշտպան վիճակը վրիպում են բոլոր կառույցների աչքից մինչև պայթում է ողբերգությունը։

«Պետության կողմից ստեղծված են այն հիմնական մարմիններն ու օրենսդրական դաշտը, որը երեխայի իրավունքները պաշտպանում է», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը:

Հայաստանում երեխայի պաշտպանության եռաստիճան համակարգ է գործում՝ համայնքային խնամակալության հոգաբարձության հանձնաժողովներից մինչև ազգային հանձնաժողով՝ սոցապ նախարարի գլխավորությամբ։ Եթե սա ամբողջական շղթա է, ինչո՞ւ չեն կանխվում երեխաների մահվան, խոշտանգման, բռնության դեպքերը։ Օրինակ՝ փոքրիկին նախկին ամուսնու մոտ թողած մայրը ութ տարի առաջ էլ զույգ նորածիններին էր պոլիէթիլենային տոպրակով լքել։ Մի՞թե սա ազդակ չէր, որ մայրը, նրա հետագա երեխաները պիտի պետական մարմինների ուշադրության ներքո լինեն։

«Համայնքի դերն է այստեղ, որտեղից որ ազդակը եղավ, բնականաբար շղթայական արդեն ծառայություն, իրավապահ համակարգ իրենց տեսադաշտում պիտի ունենային էլի այս ընտանիքին», - նշեց Ստեփանյանը։

UNICEF-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը երեխայի պաշտպանության համակարգի մի քանի խնդիրներ է մատնանշում։ Համայնքային խնամակալության հանձնաժողովների վրա ամենամեծ բեռն է դրվել, այնինչ նրանք ի վիճակի չեն այդ գործը լիարժեք անել։

«Հասարակական հիմունքներով աշխատող ոչ պրոֆեսիոնալ մարմին, որը այդուհանդերձ, փաստորեն, կրում է իր վրա ամենամեծ պատասխանատվությունը երեխայի պաշտպանության համար», - ասաց նա։

Ըստ Օհանյանի, չկա բավարար համագործակցություն տարբեր ոլորտների միջև, օրինակ՝ կրթություն, ոստիկանություն։ Այսինքն՝ բռնության նշաններ կան ու դրանք ոչ միշտ են տեղ հասնում, տեղ է հասնում արդեն ողբերգությունը. «Մեր համակարգը միշտ եղել է ռեակտիվ, այսինքն՝ եղած, արդեն տեղի ունեցած դեպքերին արձագանք և չի եղել կարողություն վաղ հայտնաբերելու ռիսկերը, որպեսզի մենք չհասնենք, ցավոք սրտի, այն ահասարսուռ դեպքերին, որոնց մասին խոսում էիք»։

Թե՛ Սոցապ նախարարությունում, թե՛ UNICEF-ում լուծում են համարում համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտը, որ կներդրվի Հայաստանով մեկ 2029-ից, 28 թվականից Արարատի մարզում պիլոտային ծրագրով կսկսեն։ շ

«Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ 2029 թվականին Հայաստանի բոլոր համայնքները պետական բյուջեից ֆինանսավորված պրոֆեսիոնալ երեխայի պաշտպանության սոցիալական աշխատողներ պետք է ունենան իրենց աշխատակազմերում», - ներկայացրեց Վիկտորիա Օհանյանը։

Վերապատրաստված ու միայն երեխայի պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետներ են լինելու համայնքային ենթակայությունից անկախ, շեշտում է UNICEF-ի մասնագետը. «Այսօր համակարգը երբեմն շատ հաջող աշխատում է և շատ հաջող աշխատում է նրանում ընդգրկված անձանց բացառապես նվիրման և աշխատանքային մշակույթի շնորհիվ։ Այսինքն, երբ մենք ունենում ենք իսկապես ժամանակին հայտնաբերված և կանխարգելված դեպքեր, դա համակարգային տեսանկյունից ավելի շատ բացառություն է, քան կանոն»։

Ըստ Վիկտորիա Օհանյանի, խնդիր է նաև այն, որ երկրում բռնության հանդեպ հանդուրժողականությունը բարձր է։ Հարցումները ցույց են տվել ծնողների 70 տոկոսը նախորդած մեկ ամսում ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն է կիրառել իր երեխայի հանդեպ, բայց այս մասին ահազանգողներ չկան։ Կարևոր է համարում, որ նոր օրենքով պարտադիր հաղորդման ինստիտուտ է ներդրվում։

«Երեխան ընտանիքի սեփականությունն է և մեր գործը չէ վերաբերվում, ընդ որում՝ թե՛ հանրության մոտ և թե՛ մասնագետների մոտ, որովհետև մասնագետները հանրության մի մասն են, այսինքն սոցիալական նորմերի փոփոխությունը թե՛ հանրության մոտ և թե՛ մասնագետների մոտ շատ կարևոր է», - նշեց Օհանյանը։

Քննչական կոմիտեի տվյալով նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 1529 քրեական գործ է հարուցվել, 2024-ի համեմատ 11 տոկոսով ավելի։ Դատարան հասած գործերում առանձնանում են սեռական ու ֆիզիկական բռնության դեպքերը: