Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. Պուտին

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկա կգնա իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզվեն։

«Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում Հայաստանի հետ մեր գրեթե ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, դադարեցնել: Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Դա նշանակում է, որ Պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար պետք է բնակված լինել առնվազն հինգ տարի։ Եվ այդպես շարունակ: Այնտեղ շատ պահանջներ կան։ Լրիվ ուրիշ պատմություն է։ Մենք պարզապես բոլորս պետք է հստակ, պարզ ու ազնվորեն խոսենք այդ մասին», - նշել է Պուտինը։

Նա ասել է նաև, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի. «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո։ Բայց սա միակ առավելությունը չէ»։

Ռուսական կողմն օրերս հայտարարել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»

Վլադիմիր Պուտինը կոչ է արել հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է` «այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար»:

«Արե՛ք այնպես, ինչպես հարկ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Եվ ինչպիսի որոշումներ էլ որ լինեն, դա չի փչացնի մեր հումանիտար կապերը, դա չի փչացնի մեր քաղաքական կապերը, բայց տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հարթության մասին է։ Ամեն ինչ պետք է հաշվարկել, ուշադիր նայել և որոշում կայացնել», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները այսօր համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսներն այսպիսի սպառնալից հայտարարություն են անում այն դեպքում, երբ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող: Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամակցությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է՝ վնասելով Հայաստանի տնտեսությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքում«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի ՀՀ-ից ներմուծվող բանջարեղենի վրա«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ