Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթի, Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ պայքարել նրա դեմ, թե՞ կոմպրոմիսի կգնա, կփրկի իր գործարանն ու տունը, որ Փաշինյանը սպառնում է վերցնել: Ընտրություններին մասնակցող գործարարը պնդում է՝ կոմպրոմիս չի լինի, իր հեղինակությունն ու հայրենիքն ավելի կարևոր են:
«Ծառուկյանը նմա՞ն է, որ հանուն ունեցվածքի ազգովի խայտառակվի, որ ուր մտնեմ, ասեմ՝ «դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց», - ասաց Ծառուկյանը:
Վարչապետը նախընտրական պայքարը շարունակում է հիմնական ընդդիմադիր մրցակիցներին սպառնալով ունեզրկել:
«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանենց տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին: Ես ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա: Առաջիկայում «Արարատցեմենտ» գործարանը նույնպես՝ որպես Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յորացված գույք, կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը պատրաստվում է պետականացնել «Արարատցեմենտ»-ը, Ծառուկյանը հակադարձում է՝ «իրենց վերջը եկել է»Հնարավո՞ր է Ծառուկյանին վախեցնեն այս սպառնալիքները ու փակի քաղաքականության էջը, ինչպես 2015-ին, երբ Սերժ Սարգսյանի իշխանության թիրախում էր. «Ո՞նց կարաս դու քո ունեցվածքի համար... դու ընդմիշտ դառնալու ես ազգի թշնամին: Ծառուկյանն այդ գործարարներից չի: Ինձ տեղյակ են պահել, որ՝ սենց-սենց, նախապատրաստվում են, դեռ 2 ամիս առաջ թղթեր են հավաքում, ես ասել եմ՝ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի»:
Ծառուկյանը նորից նշեց, թե այն ժամանակ քաղաքականության էջը փակեց, որ արյուն չթափվի, քանի որ իր հարյուրավոր թիմակիցներին ձերբակալել էին:
«Ես կարամ միայն իմ արյունը թափեմ, իմ ժողովրդի արյունը չեմ կարա: Ինչի՞ համար էն ժամանակ... մի օրվա մեջ 647 մարդ բռնեցին՝ իմ թիմակից, ժողովուրդն իմ հետ դուրս էր գալու, պետք է ասեին՝ Ծառուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց արյունահեղության, որ իր ունեցվածքը չստուգեն», - նշեց ԲՀԿ առաջնորդը:
Իսկ ի՞նչ պլաններ ունի հիմա: Հետընտրական պայքար սկսելո՞ւ է: Փողոց դուրս կգա՞ Փաշինյանի մրցակիցը. «Եթե դրա անհրաժեշտությունը կա, կա խարդախություն, հարամություն, անպայման: Բայց արյուն թափել՝ բացառված է, ես դա թույլ չեմ տա: Եթե ժողովուրդն իր ձայնը տա, ի՞նչ պետք է անենք, ընտրությունը ժողովրդինն է, ոնց կորոշի ժողովուրդը, ինքն է ընտրում իր ապագան էլ, իր երեխայի ապագան էլ, վաղվա օրն էլ: Ասել եմ՝ բոլորիդ շնորհակալ եմ՝ ձայն տաք, շնորհակալ եմ, չտաք, շնորհակալ եմ», - նշեց Գագիկ Ծառուկյանը:
Իսկ եթե Ծառուկյանին ընտրեն, օրինակ կարո՞ղ է Բաքվի բանտերից հայ գերիներին տուն բերել: Մեկ ամսից, խոստանում է Գագիկ Ծառուկյանը. «Ցանկացած հարց լուծում ունի, չլուծվող խնդիր աշխարհում չկա: Հարկավոր է զբաղվել, դիմել, այո, պետք է Լուկաշենկոյին էլ դիմել, Վլադիմիր Պուտինին էլ դիմել, Թրամփին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել, չկա խնդիր, որ լուծում չունենա: Մի ամիս չի կարող տևել, որ իրենք այնտեղ մնան, եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, պետք է մոտեցում, բանակցություն»:
Եթե իր կապերով դա այդքան հեշտ է, դիմե՞լ է իշխանություններին, որ համատեղ ջանքերով հարցը լուծեն. «Իշխանությունները պետք է առաջարկեն, եթե պետք է այդ հարցով դիմեն, ես իմ տեղը նստած... պաշտոնը մի բան է, բայց պետական դիրքն այլ բան է»:
Թե ինչ կարող է անել Հայաստանի համար, Ծառուկյանն իր տուրիստական նախագծերով է երաշխավորում: Հիսուսի արձանի ծրագրով են հետաքրքրված, միլիարդներ կհոսեն, երբ Հատիսի գագաթին արձանը կանգնեցնեն: Արդեն հաշվարկել է գործարարն ու կարևոր գործերը թողած՝ անցել է Նոյյան տապանի կառուցմանը:
«Հիմա ուզում եմ Նոյյան տապանը բացեմ, պատվիրել եմ նավը՝ 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, տղաները, հարսներն ու կենդանիները արդեն պատվիրած են», - հայտնեց նա: