Կարծում եմ՝ շաբաթների ընթացքում կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան

Վստահեցնում եմ, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից հետո արագ տեղի կունենա, մամուլի ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր կարճատև այցով Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և ՀՀ-ն նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը

Հայաստանն, ըստ Միրզոյանի, այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվել նոր մատակարարման ճանապարհներին, դառնալ լոգիստիկ ուղիների կարևորագույն օղակներից մեկը։

«Եվ քայլերն ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերն այս նոր աշխարհում», - ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանը վստահեցրեց TRIPP նախագծի վերաբերյալ համաձայնագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, սակայն կան տեխնիկական ընթացակարգեր, որոնք պետք է երկրներում անցնեն. «Կարծում եմ՝ շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում»: «Դրանից հետո ենթադրում եմ մի փոքր ավելի փաստաթղթերի աստիճանակարգության մեջ ավելի նվազ կարևոր, բայց շատ ավելի անհրաժեշտ փաստաթղթեր կան, որոնք դեռ կարիք ունեն... օրինակ՝ TRIPP ընկերության կանոնակարգությունը, երբ որ դրանք էլ կլինեն, հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք»:

Անդրադառնալով TRIPP-ի իրագործման համար երրորդ երկրների հնարավոր ներգրավման մասին հարցի՝ ԱԳ նախարարն ընդգծեց. «Կան տարբեր երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP նախագծի տարբեր դրսևորումների նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի կամ կտորի մասիով, լինի դա շինարարություն, ապրանքների մատակարարում, համակարգչային ծրագրերը, որոնցով պետք է համակարգի կառավարում լինի, մենք մտքերի փոխանակություն էլ ենք ունեցել մի շարք գործընկերների հետ, բայց չէի ուզի այս պահին անուններ տալ»:

«Ազատության» հարցին` ֆրոնթ-օֆիսի գործառույթը կարո՞ղ է երրորդ երկրի պատվիրակվել, կա՞ որևէ երկրի հետ պայմանավորվածություն, Միրզոյանը պատասխանեց. «Պայմանավորվածություններ չկան»:

«Գերիների հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է». Միրզոյան

Միրզոյանը նշեց, որ Ռուբիոյի հետ հանդիպմանը խոսել են երկկողմ, տարածաշրջանային օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ. «Նաև որոշակի նոր հնարավորություններ կան, որոնք այս պահին չէի շտապի բարձրաձայնել»:

«Բաքվում պահվող գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է: Կարծում եմ կարող եմ պնդել, որ մեր ամերիկյան գործընկերներն էլ իսկապես հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ, ջանքեր են գործադրել, հիշում ենք նաև դեպքերն, որբ այդ ջանքերը նաև հաջողությամբ են պսակվել: Մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցում իսկապես հնարավոր կլինի մի նոր հաջողություն ունենալ», - ասաց Միրզոյանը:

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին, Միրզոյանն ասաց՝ «Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ոչ ուղիղ, ոչ էլ համագործակցության բազմակողմ հարթակներում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր»:։

Արտգործնախարարը հայտնեց, որ բոլոր խնդիրները, որ առաջացել են կամ կարող են առաջանալ, «հույս ունենք դրանք առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»։

«Կա հակվածություն այս խնդիրները վերագրել ՀՀ-ՌԴ լարվածությանը, ՀՀ-ի, էդպես էլ են ասում, եվրոպական, պրոեվրոպական, պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում, վախենամ հիասթափեցնել այդպես մտածողներին՝ այսպիսի խնդիրներ եղել են մշտապես», - ընդգծեց նա։

Հայաստանյան ընտրություններից երկու շաբաթ առաջ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ արգելելով մի շարք հայկական ապրանքատեսակների մուտքն իր շուկա։ Հայկական շուրջ հարյուր բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ։ Վարորդներն իրենց տարիների փորձից են եզրահանգումներ անում՝ սա քաղաքական ճնշում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ