«Ապօրինի ցուցում». Անդրանիկ Թևանյանը «տեղյակ չէ» պետական դավաճանության մասին վարչապետի հնչեցրած մեղադրանքից

Ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած հայտարարությունից մեկ օր անց իրավապահները դեռ լուռ են. «Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- նախօրեին հայտարարել էր վարչապետը։

ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին այդ ի՞նչ մեղադրանքներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը վանաձորյան քարոզարշավի ժամանակ և արդյո՞ք պատրաստվում են կատարել վարչապետի ցուցումը:

ԱԱԾ լրատվականից հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին, իսկ Քննչական կոմիտեից հայտնեցին, թե վարչապետի հիշատակած նյութերն իրենք դեռ չեն ստացել։

«Եվ այս լրտեսական ցանցը մենք, ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ն Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով գործ հարուցելու ակնկալիքով հաղորդում կներկայացնի ՔԿ. Փաշինյան

Իրավապահները չեն մանրամասնում նաև, թե այդ ինչ լրտեսական ցանցի մասին է խոսում Փաշինյանը: Նրա թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչն այսօր պնդում էր, թե «տեղյակ չէ» Փաշինյանի կոշտ մեղադրանքներից.

«Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ պրոցեսներ սկսելու են, երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են՝ ինչ անեն, բայց էնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր և ճղճիմ իշխանության հետ գործ ունեն»,- այսօրվա ասուլիսում ասաց Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանն իր հերթին Փաշինյանին դավաճան անվանեց՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու համար:

«Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն»,- շեշտեց քաղաքական գործիչը։

Անդրանիկ Թևանյանը համարում է, որ Փաշինյանն ուղիղ ցուցում է տվել ԱԱԾ-ին ու քննչական կառույցին: Ասաց, որ իրավաբաններն այժմ աշխատում են վարչապետի դեմ հաղորդում ներկայացնելու հարցի շուրջ։ Թևանյանի խոսքով.- «Տվյալ դեպքում ինքը իրավունք չունի հանձնարարականներ տալու, ցուցումներ տալու, նույնիսկ ձևական կողմը չի պահպանում, այսինքն՝ ինքը ցուցումներ է տալիս, թե ինչ պետք է կարել, հետո տալիս է, թե որ մարմինը ինչ պետք է անի, երբ պետք է անի, ինչպես պետք է անի, և, կոնկրե՛տ, մեղադրանք է հնչեցնում, որը, բնականաբար, որևէ հիմք չունի»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն էլ տարածած հայտարարության մեջ ընդգծում է. «Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց»:

ԲՀԿ-ից պնդում են, որ վարչապետն ուղիղ եթերում ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի դեմ գործ հարուցելու հանձնարարական է տալիս։ Կառույցի գնահատմամբ՝ դա լիազորությունների գերազանցում է և հակասում է իրավական պրակտիկայի ու միջազգային փորձի տրամաբանությանը։

Պատգամավորության թեկնածուներն այս շրջանում օժտված են անձեռնմխելիությամբ: Նրանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելուց առաջ իրավապահները պետք է ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը: