«Փողոցում վազվզում է խելագար». Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում կարճ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա սպառնալիքներին և վիրավորանքներին, փոխարենը ընտրողներին առաջարկում է հետևություններ անել:

«Փողոցում վազվում է խելագար, - ասաց Կարապետյանը և նշեց, - թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան` ում են ձայները տալիս»:

Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը պնդեց, թե ընտրակաշառքի վերաբերյալ իր առաջնորդած ուժին վերագրվող գործերը իշխանության պատվերով են հարուցվում: Մինչդեռ ընտրական հանցագործությունները քննող Հակակոռուպիցոն կոմիտեն այսօր հերթական հաղորդագրությունն է տարածել՝ պնդելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

«Մեր ժողովուրդն իր խոսքը կասի, դուք էլ կտեսնեք, ինչ ուզում է անեն: Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն, մնացել է մեկ բան՝ փողոցներում վազվզեն, գոռգոռան, ղժղժան, ձերբակալեն մարդկանց անտեղի: Ի՞նչ ասեմ ես, գործ տվող մարդն ուրիշ ի՞նչ պետք է անի, գործեր են տալիս, գործեր են կարում մարդկանց վրա, ձերբակալում», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հակակոռուպիցոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որում ինչ-որ տղամարդիկ քննարկում են, թե ինչպես են ամեն ամիս արցախցիների համար ծախսեր անում, իսկ նրանց շարքերում կա մարդ, որ գնում է ՔՊ հավաքներին, ձայնագրության մեկ այլ հատվածում էլ ինչ-որ տղամարդ հայտարարում է, թե «լավ են անում, փողով ծախվում են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է ընտրակաշառքի հերթական դեպքերը բացահայտելու մասին«Ուժեղ Հայաստան»-ին առնչվող ենթադրյալ ընտրակաշառքի հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

Սամվել Կարապետյանը այդ ձայնագրություններն ապացույց չի համարում. «Ոչ ոք ոչինչ չի ապացուցել, հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ կդատեն մարդկանց: Դեռ ոչ մի բան չեն արել, դեռ անտեղի կալանավորված են, վերջում կտեսնեք՝ ինչ եղավ իրենց ձայնագրությունների հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք մարդ, որ ամեն օր տեսնելով, որ նույն հոդվածով տասնյակ մարդկանց ձերբակալում են, ինքն էլ ասաց՝ լավ ենք անում, փող ենք բաժանում, ինչի՞ է դա նման: Եթե լավ են անում, թող գնան նստեն, ի՞նչ ասեմ»:

Արարատի մարզում քարոզարշավ իրականացնելիս հրապարակված ձայնագրության վերաբերյալ գրեթե նույնն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը՝ պնդելով նաև, որ այդ ձայնագրություններում կան անձինքն, որոնք կապ չունեն իրենց թիմի հետ:

«Այնտեղ բաներ կան, որ մեր հետ կապ չունեն, ուղղակի սադրիչներ են, ով մեր հետ կապ ունի, մարդիկ ազատ են արձակվում, տեսնում են՝ ով է իրավացի, ով՝ չէ: Մենք, ցավոք, ունենք մարդիկ էլ, որ քաղաքական պատվերով այս պահին մեկամսյա կտրվածքով սահմանափակման տակ են, բայց մեծամասամբ մարդիկ ազատ են արձակվում, որովհետև այս ամեն ինչի տակ հիմք չկա», - նշեց Նարեկ Կարապետյանը:

Արցախցի կինը, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մասնակիցներից էր, ասում է՝ արդեն հարազատ դարձած Սայաթ-Նովայում հարազատ են մարդիկ, միջավայրը, բայց նեղսրտած է, Նիկոլ Փաշինյանին է լսել երեկ. «Վարչապետի խոսակցություն չի, միգուցե մի ղարաբաղցի քեզ կծել ա, դու էլ իրեն կծիր, բայց ոչ բոլորի անունից էդ հայտարարությունը արա: Ինքը իրեն ա թափ տվել, ուրիշ ոչ մեկին, ինքն իրեն էն աստիճանի ա հասցրել, որ բոլորն ատելությամբ են լցվել, չեմ էլ ուզում ուրիշ բան ասեմ»:

«Ուժեղ Հայաստանի» հավաքին այսօր արցախցիները քիչ չէին: «Ազատության» մեկ այլ զրուցակից, որ նույնպես Լեռնային Ղարաբաղից է, չի հասկանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անդադար վարկաբեկում արցախցիներին: Հույս ունի՝ Սամվել Կարապետյանի թիմի իշխանության գալու դեպքում մթնոլորտը կփոխվի. «Ինքը մեզ փոշիացրել ա, Արցախը հանձնել ա, մեր տուն ու տեղը, մեր հզոր տղաներին թողել ենք, ննջում են միայնակ»:

Այստեղ հավաքվածների հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղություն լինի, բայց չէ՞ որ խաղաղություն է հաստատված, ամեն օր է Նիկոլ Փաշինյանն այդ մասին հիշեցնում:

Վարչապետի երեկվա զայրույթի պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր ուժերից, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանից» պնդում են, թե 44-օրյա պատերազմին 5000 զոհ է եղել, երբ ըստ իշխանության, զոհերի թիվը 3833 է: Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ ասում էր, թե այդ թիվը հաստատված է քրեական գործերով:

«Ուժեղ Հայաստանից» պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հորդորում է հրապարակել զոհերի անունները. «Մենակ էդ թիվը, որ իրենք հրապարակեն, ես խոստանում եմ էդ 44-օրյա պատերազմի ամբողջ հանցագործությունը ցույց տամ մենակ էդ ամսաթվերով: Ինձ հետաքրքիր է իմանալ՝ սեպտեմբերի 27-ին քանի մարդ է զոհվել, հոկտեմբերի 6-ին՝ իր Ստեփանակերտ գնալուց հետո քանի մարդ է զոհվել, հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցնելուց հետո քանի մարդ է զոհվել: Թող միայն իրենց ասած թվի անուն ազգանուններն ու զոհերի զոհողության օրերը, դա չեն կարա իրենք չիմանան, բանակ է, թող դա հրապարակեն, հարցը համարենք փակված»:

Այսօրվա հավաքին տեսաուղերձով մարդկանց դիմեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նա մարդկանց խոստանում է «չարիքի վերջը տալ»: