Էբոլայի բռնկում Կոնգոյում և Ուգանդայում․ ԱՀԿ-ն զգուշացնում է

Էբոլայի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (ԿԺՀ) և Ուգանդայում էբոլա վիրուսային հիվանդության բռնկման մասին՝ միաժամանակ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։

ՄԱԿ-ի առողջապահական կառույցից շեշտում են, սակայն, որ վիրուսը կարող է տարածվել հարևան երկրներ։ ԿԺՀ-ում և Ուգանդայում հանրային առողջության ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակը «միջազգային մտահոգության» առիթ է, փաստում են ԱՀԿ-ից։

Հաղորդվում է, որ մայիսի16-ի դրությամբ ԿԺՀ-ում գրանցվել է 80 մահ, որի ենթադրյալ պատճառը էբոլա վիրուսն է։ Լաբորատոր միջոցներով վիրուսը հայտնաբերվել է ութ մարդու մոտ, ենթադրվում է, որ ևս 246 վարակակիր կա։

Ուգանդայից հայտնում են, որ մայիսի 15-ին և 16-ին լաբորատոր միջոցներով ԿԺՀ-ից ժամանած երկու վարակակրի են հայտնաբերել, մեկը մահացել է։

Սա էբոլայի 17-րդ բռնկումն է ԿԺՀ-ում։ Տենդով, մարմնի ցավերով և այլ ախտանշաններով ուղեկցվող վիրուսը 1976-ին հենց ԿԺՀ-ում է հայտնաբերվել։ Այն տարածվում է ախտահարված օրգանիզմի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։

Reuters-ը գրում է, որ այս անգամ բռնկման ծավալները կարող են ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով նախնական փորձանմուշների դրական արդյունքների բարձր թիվը, ինչպես նաև ենթադրյալ դեպքերի աճող քանակը։

Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, քանի որ բռնկման պատճառ է դարձել էբոլա վիրուսի «Բունդիբուգյո» շտամը, որի դեմ պայքարելու բուժման մեթոդներ և պատվաստանյութեր չկան, գրում է Reuters-ը՝ նշելով, որ նախորդ 16 բռնկումներից 15-ի պատճառ էր դարձել «Զաիրե» շտամը։

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն երկրներին հորդորում է առայժմ սահմաններ չփակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էբոլայով վարակվածին առաջին անգամ հաջողվել է բուժելՕքսֆորդում փորձարկում են էբոլայի դեմ պատվաստանյութը Էբոլայով վարակված բուժքույրը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանովՍահմանային անցակետերում խստացվել է հսկողությունը էբոլայի դեպքերը հայտնաբերելու համար