Դարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը Աջափնյակում

Փաշինյանի երեկվա քարոզարշավից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել

Ապարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին վարչական ռեսուրսի չարաշահմամբ ուսուցիչների և աշակերտների մասնակցության վերաբերյալ դիտորդների և լրագրողների արձանագրումներից հետո այդ համայնքում չորս դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց դրանք դեռ չեն մակագրվել, այսօր տեղեկացրեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքն է տնօրեններին դիմում գրելու առաջարկն արել. «Բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի թակ, էմոցիայի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ։ Մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և այնտեղ, որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»։

Թե ո՞ր գերատեսչություններն են ծառայողական քննություն իրականացնում և արդյոք տնօրեններն ինքնուրույն, առանց որևէ պաշտոնյայի ցուցումի՞ են գործել, կտա՞ արդյոք ծառայողական քննությունը նաև այս հարցերի պատասխանը, Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց. «Ոչ միայն մենք չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթները»:

Ինքն ասաց՝ ատում է վարչական ռեսուրսը, մինչդեռ երեկ «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր. «Այնտեղ, որտեղ օրենքը խախտվել է, կլինի հետևանք։

Աշխատանքի ժամին ՔՊ-ի հետ պտտվող Արմեն Բեգոյանը սրճարանում նաև ծխում է

Օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քարոզչախմբի հետ աշխատանքային ժամին պտտվում էր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրենը։ Արմեն Բեգոյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե ինքը պատահաբար հանդիպեց քարոզչախմբի մասնակիցներին։ Իր անելիքներն այլ են։

«Հենց էստեղ գործ ենք անում, եկել եմ նայեմ էդ գործը: Դպրոցում վերակառուցում ենք, կարող եմ ցույց տալ, կարող ենք իջնել այնտեղ նկարել», - ասաց Բեգոյանը։

Այս պնդումից հետո համայնքային պաշտոնյան ժամեր շարունակ քայլեց քարոզչախմբի հետևից։ Ավելին, սրճարաններից մեկում նաև ծխում էր, չնայած օրենքով սահմանված արգելքին։

Երկու սեղան այն կողմ նստած Երևանի քաղաքապետը հրաժարվեց մեկնաբանել իր ենթակայի աշխատանքային ժամին աշխատավայրում չլինելու փաստը։

Քարոզարշավի յոթերորդ օրը Աջափնյակում

Քարոզարշավի յոթերորդ օրը վարչապետն անցկացնում է Աջափնյակ վարչական շրջանում։ Այստեղ մինչև նա կհասներ տեղում կուսակցական երգերով նվագախումբը վարչապետին ծափերով դիմավորող ՔՊ երիտթևն է։

Նիկոլ Փաշինյանին անհամբերությամբ սպասող տղամարդիկ վարչապետին առաջարկ ունեին՝ լռեցնել ընդդիմախոսներին, լրագրողներին։ Նեղսրտած են, ինչպե՞ս կարելի է այդքան փնովել վարչապետին։

Նիկոլ Փաշինյանի համակիրները ոգևորված են, պատրաստ են վարչապետի քննադատներին հենց իրենք լռեցնել։

Քարտեզ, թխվածք, քարոզչական բուկլետ է բաժանում Նիկոլ Փաշինյանը։ Զրույցը ջերմ էր այստեղ։ Ինքն ու բնակիչները միասին են արձանագրում՝ վարչապետն իսկապես ժողովրդի ծոցից դուրս եկած է։

Աջափնյակում Նիկոլ Փաշինյանի համակիրները զրույցը շարունակում են արդեն վարչապետի բառապաշարով, թե ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ն, «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» երեք գլխանի հրեշներ են. «Այս համայնքը քո մարդիկ են»:

Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է. Փաշինյան

Շնորհակալության խոսքեր ասելուց հետո վարչապետն արդեն ելույթ է ունենում հավաքվածների առջև և հերթական անգամ հայտարարում՝ Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է։ Այս ամիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին նշել էր՝ բացահայտում հասկացությունը ուղիղ կապ ունի մեղադրական վերդիկտի հետ։ Միայն այդ դեպքում դատախազությունը կհամարի գործը բացահայտված, երբ լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական որոշում։ Այժմ այդ որոշումը չկա։ Մնացածն, ըստ Աննա Վարդապետյանի, քաղաքական հայտարարություններ են։

Արդեն ութ տարի պաշտոնավարած Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրողներին կրկին վստահեցնում է. «Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ, կոնկրետ, պետք է նստի»։

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը այս օրերին տարբեր մարդկանց բանտ ուղարկելու հայտարարություններ անում։ Սա իրավապահներին ցուցում տալ չէ՞ հատկապես, որ վարչապետը մշտապես պնդում է, թե չի միջամտում նրանց աշխատանքին։ Փաշինյանը բացատրում է՝ մարդիկ իրենից են պատասխան պահանջում, կասկածներ ունեն, որ ինքը կուլիսային պայմանավորվածություններ ունի։

«Ես չեմ միջամտում, դա որպես քաղաքացի և քաղաքացիների ներկայացուցիչ իմ ակնկալիքն է, որ պետք է հասցեագրվի», - նշեց նա։

Աջափնյակում վարչապետի համար նաև անակնկալ կար։ Զրուցարաններից մեկի սեղանին Հայաստանի տորթ քարտեզն է, կողքն էլ դանակը։ Սպասում էին Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտի, որ իր ձեռքով կտրի Հայաստանի տորթ-քարտեզը։ Իսկ վարչապետը պատրաստ չէր այդ քայլին։ Հանկարծ չկտրեք, հորդորեց ներկաներին և հեռացավ. «Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չէ»:

Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո բնակիչները հավաքվեցին Հայաստանի տորթ քարտեզի շուրջ և քննարկում վարչապետի որոշումը։ Մի մասը համաձայն էին Նիկոլ Փաշինյանի հետ, որոշները՝ դժգոհ։ Հարցնում էին՝ եթե չկիսեն, ի՞նչ են անելու, նետե՞ն աղբը։

Քարոզարշավի այսօրն էլ չանցավ առանց Արցախի մասին Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների և մեղադրանքների։ Իսկ այդ օրակարգով վարչապետին մոտեցած քաղաքացիներին հաճախ փորձում էին լռեցնել հենց Փաշինյանի աջակիցները։