Թուրքիան ու Հայաստանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
«2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», - X-ում գրել է Օնջու Քեչելին։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Պաշտոնական Երևանը ողջունել է ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ սա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից», - ասված է հայտարարությունում:
Ընդգծելով, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն «կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»:
Երևան - Անկարա նոր պայմանավորվածությանը անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ բանագնացները: Ռուբեն Ռուբինյանը նշել է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
«Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբինյանը։
Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էլ X-ի իր էջում գրել է. «Տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել։ Մաղթում եմ, որ սա օգտակար լինի երկու երկրների և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և մարդկանց համար»։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել, որ Թուրքիան արտահանման փաստաթղթերում որպես ստացող երկիր կնշի նաև Հայաստանը։