Հակակոռուպցիոն կոմիտեն, առանց վարույթ նախաձեռնելու, եզրահանգել է, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետը չի խախտել բարեգործության արգելքը: Ավելին՝ քննչական կառույցը, ուսումնասիրելով փաստաթղթերը, նախընտրական շրջանում Տավրոս Սափեյանի օգնություն բաժանելը որակել է քարոզչությունից զերծ պաշտոնական լիազորության իրականացում:
«Կոնկրետ խախտվել է դրամական աջակցություն տրամադրելու արգելքը», - ասաց իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը:
«Անկախ դիտորդն» իրավապահներին ուղղված բողոքում ներկայացրել էր իշխող ուժի ընտրացուցակի 61-րդ համարի՝ Տավրոս Սափեյանի ստորագրած որոշումը, ըստ որի Թալինի բյուջեից ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն էր բաժանվել այն շրջանում, երբ Ընտրական օրենսգրքով արգելված է թեկնածուի կողմից բարեգործությունը: Հակակոռուպցիոնը, սակայն, մերժել է վարույթ հարուցել:
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասաց՝ մերժումը դեռ չեն ստացել, ստանան, կորոշեն՝ կբողոքարկեն դատախազին, թե ոչ. «Այս դեպքն այն դեպքը չէ, որի կարելի է պաշտոնական լիազորություններ ասվածով հղում տալ ու փակել: Նման գործառույթ իրականացնելու լիազորություն համայնքի ղեկավարը չունի և դուրս է եկել իր լիազորությունների»:
Օրենքով 2024 թվականից համայնքի ղեկավարներին արգելված է բնակիչներին փողի տեսքով սոցիալական օգնություն բաժանելը: Տավրոս Սափեյանը, սակայն, ըստ «Անկախ դիտորդի», ելքը գտել էր՝ 400 հազար դրամ էր փոխանցել երկու ընկերությունների, որ սնունդ գնեն ու բաժանեն 9 հոգու: Գումար էր փոխանցել դեղատանը, որ դեղորայք բաժանեն: Ընդ որում՝ այդ փոխանցումները կատարվել են առանց այդ ընկերություններին մրցույթով ընտրելու՝ շրջանցելով օրենքի պահանջը:
«Անկախ ամեն ինչից ինքը նաև թեկնածու է և օրենքով արգելվող գործառույթը երբ որ իրականացնում է, այստեղ ընկնում է բարեգործության արգելքի տակ: Այս տարբերակն ավելի շատ հիշեցնում է կոռուպցիոն մեխանիզմ», - նշեց իրավապաշտպանը:
Սափեյանը էլի կարող էր իր պարտականությունները կատարել՝ ընդգծում է «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը. նրա որոշման հիմքում պետք է լինեին սոցիալական օգնությունների բաշխման նախապես մշակված ու հաստատված ծրագիրը, սոցիալական հանձնաժողովի եզրակացությունները մարդկանց կարիքների գնահատման մասին: Այս փաստաթղթերը, սակայն, չկան, ասում է Գևորգ Քոթանջյանն ու պնդում՝ զարտուղի ճանապարհով գումարներ բաժանելն ու հենց այս փաստաթղթերի բացակայությունն է նաև իրենց թույլ տալիս եզրահանգելու օրենքի խախտման մասին:
«Ընդ որում՝ դրանք պետք է արվեն հանրային քննարկումների միջոցով: Որպես էդպիսին քանի որ շուրջ երկու տարի դիտարկում եք այդ համայնքները, մենք Թալինի մասով նման հանրային քննարկումներ, լսումներ կայքի ուսումնասիրությամբ նաև չենք արձանագրել», - ասաց Քոթանջյանը:
Թալինի քաղաքապետը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, թե ամեն ինչ, այդ թվում՝ քաղաքացուն նոր տուն գնելու համար 3 միլիոն դրամը, փոխանցել է համայնքապետի պարտականությունների շրջանակում:
«Կա տարեկան հաստատված ավագանու կողմից գումար, և էդ գումարը նյութի տեսքով, դեղորայքի տեսքով, ուսման վարձի տեսքով... Տեսեք, օրինակ, ներկա պահին ես ունեմ 200-ից ավելի ուսանողներ, որոնց կես գումարը մենք ենք փոխանցում երթուղուն: Այսինքն, ի՞նչ է նշանակում, պետք է ասենք՝ «էս մի ամիսը ընտրություն է, էդ գումարը չենք փոխանցի՞»: «Մարդը ասում է՝ «ես վիրահատության կարիք ունեմ», ես ասեմ՝ ինքս, համայնքի ղեկավարս, ասեմ՝ «սպասեք, մինչև ընտրությունը ավարտվի՞», - ասել է Տավրոս Սափեյանը:
Իշխող ուժի ներկայացուցիչ Տավրոս Սափեյանի հետ փաստացի համաձայն է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ՝ որպես համայնքի ղեկավար», - ասված է քննչական մարմնի հայտարարությունում:
Դիտորդական խմբի անդամ Գևորգ Քոթանջյանը հիշեցնում է նախորդ ընտրությունների շրջանում Սյունիքի մարզի ընդդիմադիր համայնքապետերի դեմ գործերը: Այն ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի թեկնածուները, որ համայնքի ղեկավարներ էին, ձերբակալվել էին, մեղադրվել սոցիալական օգնության անվան տակ կաշառք բաժանելու հոդվածներով:
Այս գործերը դեռ դատարան չեն հասել, նկատում է Քոթանջյանն ու պնդում՝ այն ժամանակ օրենքով համայնքների ղեկավարները կարող էին ուղիղ դրամական օգնություն բաժանել, հիմա դա էլ է արգելված, իսկ Թալինի համայնքապետը, ըստ էության, հենց դա էլ արել է:
Իշխանության ու իրավապահների շահագրգռվածությունն իշխանական թեկնածուների գործերով փոքր է, նկատում է դիտորդը, որը տեղի ունեցածը համարում է քաղաքական դրդապատճառներով իրականացվող արդարադատություն:
Ընտրախախտումների հոդվածներով ընդդիմադիրների դեմ տասնյակ գործեր քննող Հակակոռուպցիոնը իշխանական թեկնածուներին առնչվող վարույթներ չունի: Հիմա ուսումնասիրում են Երևանի քաղաքապետի՝ օրերս ընտրողներից մեկին տեսախցիկ նվիրելու մասին հրապարակումները: Տիգրան Ավինյանն արդեն շտապել է հայտարարել, թե ժամանակին փող էին փոխանցել մանկատանը, որ գնեին, չէին գնել, ինքն էլ նվիրեց, և սա կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ: Օրենքով այս շրջանում թեկնածուներն իրավունք չունեն նաև նվերներ բաժանել ընտրողներին: