Սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արխիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել:

«Դրանք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն: Իհարկե բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել: Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստերի հետ», - ասաց Գրիգորյանը:

Լրագրողի հարցին՝ սահմանազատումը Տավուշի՞ց կշարունակվի, թե՞ այն հատվածից, որտեղով «Թրամփի ուղին» է անցնելու, փոխվարչապետը պատասխանեց. «Թրամփի ուղու» հետ կապված, որքան հիշում եմ նաև պաշտոնապես հրապարակել ենք հետևյալ տրամաբանությունը՝ որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները «Թրամփի ուղու» հետ կապված, այդ հատվածները մենք առանձին կսահմանազատենք: կարծում եմ դա ժամանակատար պրոցես չի լինի»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին անգամ հանդիպել են ապրիլի 29-ին: Կողմերն քննարկել էին սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը: Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերը փոխանակել: Դրանից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը՝ քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը մանրամասներ հայտնեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից