Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը

Ընտրապայքար մտած 17 կուսակցություններն ու 2 դաշինքները վաղն արդեն պաշտոնապես կսկսեն քարոզարշավը, որ վաղուց էր մեկնարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել ընտրողներին հանդիպելու համար, քարոզչությունը սկսելու է Սյունիքից՝ ուրբաթ և շաբաթ հավաքներ անցկացնելով մարզի տասից ավելի բնակավայրերում:

«Անհամբեր եմ սպասում մեր հանդիպումներին, սիրում եմ բոլորիդ, կգանք, կզրուցենք, կքննարկենք ու իրար հետ տեր կկանգնենք խաղաղությանը», - նշեց վարչապետը:

Փաշինյանը մեջբերում էր կուսակցության կարգախոսը՝ «Տեր կանգնիր խաղաղությանը»:

Ռոբերտ Քոչարյանն ընտրողներին ասում է՝ «Միասին կարող ենք»: Նա երկրորդ անգամ է փորձելու Փաշինյանից իշխանությունը վերցնել, այդ ճանապարհին քարոզարշավի առաջին կանգառը Էջմիածնում է, որտեղ «Հայաստան» դաշինքը հրավիրել է հանրահավաք:

Երկրորդ նախագահն այս անգամ կրկին դաշինք է կազմել Դաշնակցության և նորաստեղծ «Առաջ» կուսակցության հետ:

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը, որ թեկնածու չէ, տնային կալանքի տակ է ու չի կարողանալու մասնակցել արշավին, քարոզչության մեկնարկից ժամեր առաջ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին. «Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու վստահ ենք դրա մեջ»:

Կարապետյանի թիմակիցները քարոզարշավը սկսելու են երևանյան հանրահավաքով, ապա ուղևորվելու են Սյունիք, մայիսի 9-ին «Ուժեղ Հայաստան»-ը «Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ» կարգախոսով հավաք կանցկացնի Գորիսում, իսկ վարչապետը՝ 70 կիլոմետր այն կողմ՝ Կապանում:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի առաջին օրը թիմակիցների հետ կհանդիպի, հանրահավաքային արշավը նա կսկսի հայրենի Աբովյանից մայիսի 10-ին՝ «Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան» կարգախոսով:

Նախորդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսը այս անգամ առանց առաջին նախագահի է գնում ընտրությունների, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսօր հրապարակեց նախընտրական ծրագիրը՝ «Խելամիտ ուղի» կարգախոսով:

«Մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը: Եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը, առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ», - նշեց Զուրաբյանը:

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, որ 2021-ին դուրս մնաց խորհրդարանից, այս անգամ ընտրություններին մասնակցում է «Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով, համարում են «ոչ սովորական» քարոզարշավ:

«Վերջին տարիների մշակութային դիվերսիան, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, մեր ժողովրդին ռևիզիայի ենթարկելու մեր անցած պատմական ճանապարհը, դրա համար մեր կուսակցությունը չի մտնում այս ընտրության մեջ, որ մենք խոսենք սպառողական ինչ-որ խոստումներից, կենսաթոշակներից», - ասաց Մարուքյանը:

Առաջին անգամ երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում է Փաշինյանի երբեմնի թիմակից, Երևանի նախկին քաղաքապետ, «Կարգին հաղորդման» համահեղինակ Հայկ Մարությանը՝ «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով: Նա արշավը կսկսի երևանյան բակերից, մինչև այդ Մարությանը սոցցանցերում հումորային հոլովակներով էր ընտրողների քվեն հայցում:

Քարոզարշավը կտևի մեկ ամիս, ընտրողներին համոզելու վերջին օրը հունիսի 5-ն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմությունը զգուշացնում է «լուրջ հետևանքների» և «ճակատագրական» իրադարձությունների մասին Հայտնի է, թե ընտրություններին մասնակցող որ ուժը քվեաթերթիկում որ համարի ներքո կլինի«ԴՈԳԸ», Քենիայի «նախկին փոխոստիկանապետը», Երևանի նախկին քաղաքապետն ու նախկին օմբուդսմենը. ովքե՞ր են ընտրություններին մասնակցող 19 ուժերը Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 17 կուսակցություն և 2 դաշինք