Դավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հարազատների հեռախոսազրույցի միջոցով ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Նա ուզում է, որ Անահիտ Մինասյանն իր ադրբեջանցի գործընկերոջ միջոցով ստանա հայ գերիների գործերի մեղադրական եզրակացությունները, դատավճիռներն ու փոխանցի նրանց հարազատներին:

«Ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակը մեր մեղադրական ակտերի, ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին», - նշել է Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ իրենց այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Նրան էլ է դիմել, որ միջնորդի մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը ադրբեջաներենով ու հայերենով ամբողջությամբ փոխանցեն իր ընտանիքին. «Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»։

Մինչև հիմա ադրբեջանական բանտից ձայնային հաղորդագրություններ ուղարկել էին միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Սա Դավիթ Իշխանյանի առաջին ուղերձն է, որ հրապարակվել է: Իշխանյանն այս ուղերձի միջոցով ավարտել է իր խոսքը, որ կիսատ է մնացել Բաքվի զինվորական դատարանում: Նա էլ է դատապարտվել ցմահ ազատազրկման:

«Չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30-40 տոկոսով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, և փոքր մեջբերում անել՝ այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա», - հայտարարել է Դավիթ Իշխանյանը։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը, ինչպես Ռուբեն Վարդանյանը ահազանգել է, որ քննություն ու դատավարությունն ընթացել են Միջազգային իրավունքի, օրենքների խախտումներով. «Ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով»։

Իշխանյանը հայտնել է, որ մամուլից է տեղեկացել Ռուբեն Վարդանյանի դիմումի մասին: Վարդանյանը անցած ամիս դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիներին ու ապահովի նրանց ու ընտանիքի անդամների տեսակցությունը: Անահիտ Մանասյանը դեռ չի արձագանքել Իշխանյանի խնդրանքին, իսկ Ռուբեն Վարդանյանի դիմումի հետ կապված ասել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի մակարդակով են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել Պաշտպանը

«Ընտանիքները մտադիր են նաև միջազգային դատական հայցեր ներկայացնել». Սիրանուշ Սահակյան

«Ընտանիքները մտադիր են նաև միջազգային դատական հայցեր ներկայացնել, արդյունավետ բողոքարկում միջազգային դատարան կարող է տեղի ունենալ և նաև հասանելի է որոշման դատավճիռների բովանդակությունը. Այս պահին տրամադրել են ընդամենը քաղվածք, որը ունի կարճ նկարագրություն մեղադրանքի և պատիժների վերաբերյալ», - ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Բաքվից մինչ այս պահը ընդամենը մեղադրանքի ու պատժի մասին քաղվածք են փոխանցել, որտեղ չկան մանրամասներ, ինչ ապացույցների հիման վրա են մարդկանց վճիռները: Իսկ դրանք անհրաժեշտ են միջազգային ատյաններ դիմելու համար, «Ազատությանն» ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Ի՞նչ փաստական տվյալներ են այդ դատավարությունների ընթացքում հաստատվել, ինչպիսի՞ ապացույցներով և որո՞նք են մեղքը հիմնավորող ապացույցները: Այդ ապացուցողական զանգվածը առհասարակ անհասկանալի է և խնդրանքն է միջոցներ ձեռնարկել այդ տարրական երաշխիքը ապահովելու և դատավճիռներին հասանելիություն տրամադրելու ուղղությամբ։ Ծանոթանան և հասկանան վերջիվերջո այդ շինծու դատավարությունը ինչ կեղծիքների վրա է հիմնված և, այո, միջազգայնորեն բարձրաձայնել տեղ գտած խախտումները։այդ թվում բովանդակային, ոչ միայն դատավարական երաշխիքներ, որից զրկվել են բոլոր հայ բանտարկյալները, այլ նաև բովանդակային խնդիրներ», - նշեց նա։

Իսկ ի՞նչ է ակնկալում եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Արդյոք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոստումը կկատարի՞ և ամբողջ բովանդակությունը կաջակցի՞ հասցնել նրանց ընտանիքներին: Սիրանուշ Սահակյանը շեշտեց որ եվրոպական դատարանի որոշմամբ մինչեւ օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են դատարանին տրամադրել դրանք: Իսկ եթե չտան սա էլ է դիմումատուների օգտին, կհիմնավորվի մարդու իրավունքների խախտումը: Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ այս հարցի համար դիվանագիտական միջամտություն է հարկավոր կառավարության մակարդակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը Երևանում անդրադարձել է գերիների հարցին«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասինՌուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահինԱյս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը