Դավիթ Իշխանյանը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական բանտից

Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով նրան զբաղվել ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների խնդիրներով։

«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ուզում եմ բանավոր ձևով դիմել, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին», - նշել է Իշխանյանը։

Նա նաև հայտնել է, որ երեկ դիմում-նամակ է փոխանցել Ադրբեջանի ՄԻՊ-ին. «Այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»։

Անդրադառնալով իր և մյուս հայերի դեմ կազմակերպված դատավարությանը՝ Իշխանյանը հայտարարել է. «Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»։

Ադրբեջանում այժմ 19 գերի է պահվում։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը Երևանում անդրադարձել է գերիների հարցին«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասին