Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է՝ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից, փաստացի չբացառելով, որ հետագայում նման դեպքերը կարող են կրկնվել։
«Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այդ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ», - հայտարարել է Հաջիևը և շարունակել. - «Այս տարածքների քաղաքաշինության սկզբունքների և Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ օկուպացիայի ընթացքում օկուպացիոն ուժի կողմից իրականացված շինարարական նախագծերը, որոնք խախտում են երկրի սեփականության իրավունքը և ինքնիշխանությունը, համարվում են անօրինական: Նման նախագծերի քանդումը և դրանք քաղաքաշինության ընդհանուր պլաններին համապատասխանեցնելը անհրաժեշտ պայման է: Մեր երկիրը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»:
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այսօր Հաջիևի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ են այցելել: Մի քանի տասնյակ դիվանագետների այցը հաջորդում է Լեռնային Ղարաբաղում երկու եկեղեցիների ոչնչացմանը: Բաքվից պաշտոնապես հաստատել էին, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին քանդված են:
Ալիևի օգնականը X-ում գրառմամբ տեղեկացրել է, որ դիվանագետների ուղևորությունը սկսվել է «Խոջալուի ցեղասպանության հուշահամալիր» այցով:
«Մենք չենք կարող աչք փակել անցյալի որոշ հիշողությունների առջև: Մենք մեր խորին հարգանքի տուրքը մատուցեցինք Խոջալուի զոհերի թանկ հիշատակին», - գրել է Հաջիևը:
Ադրբեջանական կողմը պնդում է, թե 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական հարձակման հետևանքով Խոջալուն հողին է հավասարեցվել, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, զոհվել են, մի քանի տասնյակը՝ անհետ կորել։ Հայկական կողմը արյունահեղության փաստը չի հերքել, միաժամանակ պնդել է, որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը մարդասիրական միջանցք է տրամադրվել, սակայն ադրբեջանական որոշ ուժեր կրակ են բացել քաղաքից դուրս եկողների ուղղությամբ՝ այդ ժամանակ նախագահ Մութալիբովի դիրքերը սասանելու համար։