Ադրբեջանը այսօր արտգործնախարարություն է կանչել և բողոքի նոտա հանձնել Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչին՝ խստորեն դատապարտելով Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները»։ Միլի մեջլիսն իր հերթին որոշել է դադարեցնել հարաբերությունները Եվրոպական Խորհրդարանի հետ, ինչպես նաև հատուկ հանձնաժողով ստեղծել՝ «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու» նպատակով։
Նախօրեին Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամն վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ բանաձևը միաժամանակ դատապարտում է «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ «անհիմն և կողմնակալ» էր որակել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը, պնդելով, որ «ղարաբաղի հայերը կամավոր են լքել տարածաշրջանը»: Բաքուն նաև կրկնել էր՝ Եվրախորհրդարանի կողմից որպես ռազմագերի բնորոշված անձինք «կատարել են լուրջ հանցանքներ, այդ թվում՝ ռազմական հանցագործություններ»: Բաքուն նաև զգուշացրել էր, թե «Եվրախորհրդարանի այդ մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», պնդելով, թե Ղարաբաղի հայերը ինքնակամ են լքել իրենց տները, իսկ նրանց վերադարձի մասին հորդորները «միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին»։
Խորհրդարանի խոսնակ Սաբինա Գաֆարովան էլ այսօր հիշեցրել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ Միլի մեջլիսը ստիպված է դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ «հայամետ փաստաթղթերի ընդունման պատճառով»։ «Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրախորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի դեմ իր կողմնակալ գործողություններից», - նշել է Գաֆարովան։
«Խրախուսելով ռևանշիստական ուժերին՝ Եվրախորհրդարանը փորձում է մեր տարածաշրջանը կրկին վերածել հակամարտության օջախի», - ասված է Միլի Մեջլիսի հայտարարության մեջ։