Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝ «ուղղված երկու երկրների տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը»։

«Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնառությանը», - գրել է Բարաքը X-ում։

Նա կարևոր իրադարձություն է համարել հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը Կարսում, որտեղ հայտարարվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

Ապրիլի 28-ին Կարսում հանդիպել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել էին երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում։