Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:
Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին:
Ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ Վեհափառը հուշահամալիր էր այցելել իշխանություններից առանձին: Վարչապետն արդեն մեկ տարի է՝ պահանջում է նրա հրաժարականը:
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը լրատվամիջոցներին ասել է՝ Վեհափառի այցի մասին հաղորդագրությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առանց իր հետ համաձայնեցվելու էր դրվել և «ընդհանրապես չպետք է հրապարակվեր»։
«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը», - հայտարարել է Թաշչյանը:
Ավելի վաղ Վարչապետ Փաշինյանը հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։