Էրդողան․ Թուրքիան աշխատում է ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու ուղղությամբ

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերականգնելու համար, ապրիլի 22-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ Անկարան շահագրգռված է, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի խաղաղությամբ, և աշխատում է բանակցությունների վերսկսման ու առաջնորդների մակարդակով երկխոսության մեկնարկի ուղղությամբ։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, ով ապրիլի 17-19-ը մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել էր, որ Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ հյուրընկալելու նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։