ԱՄՆ-ը պնդում է՝ Սուլեյմանիի հարազատներին զրկել է բնակության իրավունքից․ Իրանը հերքում է նրանց կապը

Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությունը, 7-ը հունվարի, 2020

ԱՄՆ-ում ձերբակալված երկու կանայք Քասեմ Սոլեյմանիի հարազատնե՞րն են

Իրանի Ղոդս ուժերի հանգուցյալ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիի զարմուհին և նրա դուստրը զրկվել են ԱՄՆ մշտական բնակության իրավունքից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։

Սուլեյմանին առաջնորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևը 1998-ից մինչև 2020 թվականին ԱՄՆ զինուժի կողմից իր սպանությունը՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։

Ըստ Պետքարտուղարության՝ Համիդե Սուլեյմանի Աֆշարը դստեր հետ ձերբակալվել է ապրիլի 3-ի գիշերը։ Մինչև վերջնական որոշման կայացումը՝ արդյոք նրանք պետք է լքեն ԱՄՆ տարածքը, կանայք կպահվեն ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունում։

Վկայակոչելով սոցիալական մեդիայի հրապարակումներ՝ գերատեսչությունը Սուլեյմանի Աֆշարին բնութագրել է որպես «Իրանի ահաբեկչական և ամբողջատիրական ռեժիմի անթաքույց աջակից»։

Ամերիկյան իշխանությունը չի հստակեցրել՝ ինչ հրապարակումների մասին է խոսքը, բայց ընդգծել է, որ այդպիսի հռետորաբանությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք չի հանդուրժվի։

X-ում այս առթիվ գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարը։ «Թրամփի վարչակազմը թույլ չի տա, որ մեր երկիրը հակաամերիկյան ահաբեկչական ռեժիմներին աջակցող օտարերկրացիների օթևան դառնա», - ասել է Մարկո Ռուբիոն։

Իրանի լրատվական դաշտում, սակայն, շրջանառվել է Քասեմ Սուլեյմանիի դստեր՝ Զեյնաբ Սուլեյմանիի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ում ձերբակալված կանայք որևէ կապ չունեն իր հոր հետ։

«Միացյալ Նահանգներում ձերբակալված անձինք որևէ կապ չունեն նահատակ Սուլեյմանիի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղարության պնդումը կեղծ է», - ասել է Զեյնաբ Սուլեյմանին։

Երկու կանանց ձերբակալությունը տեղի է ունենում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հինգ շաբաթ ձգվող պատերազմի ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանում վերջին հրաժեշտն են տվել Քասեմ Սուլեյմանիին