2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նրան բանտից հիվանդանոց են տեղափոխել:
Դավիթ Մինասյանն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել, փոխանցեց Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխված տղայի փաստաբանը։
Այսօր ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին Արմավիրի բանտից տեղափոխել են Աբովյան ՔԿՀ:
«Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ ...էրեխուն քարկտիկ են սարքել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը:
Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար:
Թե ինչու են 18-ամյա Մինասյանին տեղափոխել Աբովյանի բանտ, Քրեակատարողական ծառայությունից «Ազատությանն» ասացին. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»:
Իսկ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Դավիթը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում