Վերաքննիչ բողոք կներկայացնենք Դավիթ Մինասյանի կալանքի դեմ. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարում է՝ այսօր պատրաստվում են բողոքարկել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի նրա կալանավորումը:

«Հենց այսօր գործընկերների հետ միասին մենք վերաքննիչ բողոքը մուտք ենք անելու, նաև այսօր հրատապ դիմում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, քանի որ Դավիթի առողջական խնդիրները ակնհայտ են», - տեղեկացրեց Վարդևանյանը:

«Տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիզիկական ներգործության վիճակը մեկնարկել է ՊՊԾ ծառայողի նախաձեռնությամբ: Այսինքն 18 տարեկան Դավիթ Մինասյանի կողմից, առողջական խնդիրներ ունեցող, որի մասին նույնիսկ մայրն այսօր բարձրաձայնեց որևէ գործողություն հենց Դավիթի կողմից չի իրականացվում, սկզբից հենց իր նկատմամբ է իրականացվում», - ասաց Վարդևարյանը:

Դավիթ Մինասյանի կալանավորումն ապօրինի որակելով՝ Վարդևանյանը հայտարարեց. «Վեճ չկա, որ առողջական խնդիրներ կան, բայց միևնույն է կալանք է ընտրվում»:

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօր երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը:

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք:

Քննչականը երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Կիրակի օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դպրոցական նստարանից՝ բանտ. ինչո՞ւ Քննչականը «չի տեսնում» անվտանգության աշխատակցի հարվածը