Սիրիան չի միջամտի Իրանի հակամարտությանը, եթե չբախվի ագրեսիայի

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը դուրս կմնա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմից, եթե Սիրիան չենթարկվի ագրեսիայի և չունենա դիվանագիտական լուծումներ։

«Եթե Սիրիան չդառնա որևէ կողմի թիրախ, ապա Սիրիան դուրս կմնա ցանկացած հակամարտությունից», - ասել է Սիրիայի նախագահը Լոնդոնում Chatham House վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Մենք չենք ուզում, որ Սիրիան պատերազմի մաս դառնա։ Իրավիճակը, սակայն, անկայուն է», - ասել է Սիրիայի ղեկավարը։

Մեկ ամիս տևած հակամարտությունը տարածվել է ամբողջ տարածաշրջանով՝ խլելով հազարավոր մարդկանց կյանք, խաթարելով էներգամատակարարումը, ցնցելով համաշխարհային տնտեսությունը։

Պատերազմը տարածվել է նաև Սիրիայի հարևան Լիբանանում, որտեղ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել՝ ի պատասխան «Հեզբոլլա»-ի հարձակումների, ինչպես նաև Իրաքում, որտեղ օդային հարվածների են ենթարկվել Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների բազաները։
Թեև Սիրիան երկար տարիներ եղել է միջազգային ուժերի մրցակցության հարթակ, այս պահին երկիրը դեռևս մնում է տարածաշրջանային սրման կենտրոնից որոշակի հեռավորության վրա։

«Մենք ցանկանում ենք, որ Սիրիան իդեալական հարաբերություններ ունենա ամբողջ տարածաշրջանի՝ Լիբանանի, Իրաքի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այնպիսի համաշխարհային տերությունների հետ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն», - ասել է Ահմեդ ալ-Շարաան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիան կմնա չեզոք, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է:

«Մենք արդեն բավականաչափ պատերազմ ենք ունեցել։ Մեծ գին ենք վճարել։ Մենք պատրաստ չենք ևս մեկ պատերազմի», - ասել է Սիրիայի ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայի նախագահը հայտարարել է՝ փորձում է իր երկիրը հակամարտություններից հեռու պահել