Պատարագից՝ բանտախցիկ. քրեական գործ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա միջադեպից հետո Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել երկու հոդվածով՝ խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու:

Քննչականի փոխանցմամբ՝ ձերբակալվածները երեքն են: Նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն են, երրորդը՝ Գևորգ Գևորգյանը: Վերջինս անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին: Այս պահի դրությամբ երեքին էլ մեղադրանք առաջադրված չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին

Երևանի փողոցներում քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր Սուրբ Աննա մտնել, որտեղ Ծաղկազարդի պատարագն էր ընթանում: Կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո փորձում է ձեռքով հարվածել: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է եղբայրներից մեկը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց արդեն դրսում իրավապահները բերման ենթարկեցին Մինասյան եղբայրներին ու Գևորգյանին:

«Դավիթը հրաժարվել էր, բայց այսօր էլ ընդամենը երևի մի կես ժամ առաջ ենք տեսել, էլի ցավեր ուներ, գլխացավեր ուներ, արդեն իսկ ասել ենք, որ ունի առողջական խնդիրներ», - ասաց 18-ամյա եղբայրների փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանները դեռևս չեն մեկնաբանում վարույթի հիմքում դրված հոդվածները, նաև ձերբակալվածի կարգավիճակ ունեցող պատանիների ենթադրյալ արարքը: Վարդուհի Էլբակյանը միայն ասաց՝ նրանք հանցագործություն չեն գործել. «Երեխեքը որևէ մի կուսակցության, որևէ մի պատգամավորի, պաշտոնատար անձի, ընդդիմության ներկայացուցչի հետ ընդհանրապես կապ չունեն։ Միայն մեկ բան կարող եմ ասել՝ երեխաները, անգամ կարող եք հետաքրքրվել, յուրաքանչյուր շաբաթ գնում են պատարագի կիրակի օրերը, շատ հավատավոր երեխեք են»։

Ներքին գործերի նախարարության մոտ այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ երկվորյակ եղբայրների դասարանցիները միայն դրական խոսքեր էին ասում ընկերների մասին: Իսկ երեկվա իրադարձությունների կենտրոնում հայտնված Սուրբ Աննայում այսօր ևս եռուզեռ էր:

Երեկվա միջադեպին ականատես մի կին զայրացած էր կատարվածից. «Միանգամից աղմուկ սկսվեց, փաստորեն որոշները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանական չէին, ու ոստիկաններ միանգամից շատ հավաքվեցին: Մի հայ տղայի դեմ մի հոծ բազմություն ոստիկաններ էին, ու քաշելով, պոկրտելով, շորերը հագից անելով, «հանցագործ» էին բռնել, «շատ լուրջ ազգի դավաճան» էին բռնել, քաշքշելով տանում էին»:

Կինը, որ չցանկացավ նկարահանվել, պատմեց, որ եկեղեցում պատարագին մասնակցող հավատացյալներից շատերը վարչապետին, մեղմ ասած, լավ չընդունեցին. «Գոռում էին՝ դուրս արի, ի՞նչ գործ ունես այստեղ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց ձերբակալվել են վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ

Իշխանությունները պետք է ավելի զգուշավոր և զգայուն լինեն. իրավապաշտպան

Ինչո՞ւ երեկ կրքերը թեժացան, ու հավատացյալների մի մասին դուր չեկավ մոտ մեկ տարի առաջ հակակաթողիկոսական արշավ սկսած վարչապետի մուտքը եկեղեցի: Իրավապաշտպան Աննա Մելիքյանի կարծիքով՝ հատկապես ընտրություններից առաջ մթնոլորտը թեժացած է, ինչի դեմ առաջին հերթին հենց իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի:

«Այստեղ իրականում շատ կարևոր է, և կարծում եմ՝ իրոք պատասխանատու, որպեսզի կրքերը չգրգռվեն, այդ թվում նաև իշխանության կանխարգելիչ գործողությունների միջոցով, բայց պետք է արձանագրենք, որ պատժիչ գործողությունների միջոցով հակառակը, կարծում եմ, իրավիճակը ավելի շատ է լարվելու, և երբ որ համաչափ չէ արձագանքը, և պատժողական է արձագանքը, ոչ թե կանխարգելիչ, ըստ էության կարող ենք տեսնել ավելի շատ դեպքեր», - ասաց նա:

Իշխանությունները պետք է ավելի զգուշավոր և զգայուն լինեն, որ նմանատիպ իրավիճակները չկրկնվեն, անցած մեկ շաբաթվա մյուս աղմկահարույց դեպքերը հիշելով՝ ասում է իրավապաշտպանը: Դրանցից է մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ միջև վեճը, շաբաթավերջում էլ՝ ԱԺ նախագահի ու քաղաքացու փոխադարձ հայհոյանքները, հիմա էլ՝ երեկվա միջադեպը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թքելուց մինչև հայհոյանք. իրավապահները քննում են միայն Ալեն Սիմոնյանին հայհոյած քաղաքացու արարքը

«Անկախ նրանից, թե ինչու է վրդովվել այդ երիտասարդը, կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ բռնություն գործադրելը, անկախ նրանից ուղղված էր վարչապետին, թե նրա թիկնազորի անդամներին, ըստ էության կարծում եմ, որ չեն կարող արդարացնել, հա՞, որևէ պայմաններում, հատկապես, որ ինքնապաշտպանություն չէ, թեև կարծես թե կադրի ետևում լսվում է, որ ինձ քաշում են և այլն, այսինքն՝ մի քիչ խառը իրավիճակ է ըստ էության, և արդեն քննությունը պետք է պարզի, թե արդյոք նպատակ է ունեցել իրոք հարվածելու ու ում հարվածելու», - ասաց իրավապաշտպանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախցիների դեմ ատելություն, կնոջ նկատմամբ հոգեբանական բռնություն». ՀԿ-ները դատապարտում են Փաշինյանի վարքագիծը

Մինչ պատանիների փաստաբանները պնդում են՝ նրանք կապ չունեն քաղաքականության հետ, կուսակցական չեն, իշխանության ներկայացուցիչներն, իրենց հերթին, այս ամենը ուղիղ կապում են կաթողիկոսի հետ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Գարեգին Երկրորդը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի:

«Սա ոչ այլ ինչ է, քան աղանդ, աղանդի վերածված մի խմբակ՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրենք են որոշում՝ եկեղեցի ով պետք է մտնի, ով չպետք է մտնի, իրենց հաճելի մարդիկ պետք է լինեն, թե չէ», - ասել է Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել երեկվա միջադեպին: Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, զրուցել նրանց հետ: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր ոք ունի կարծիքն ազատ արտահայտելու, իշխանությանը քննադատելու իրավունք, բայց դա չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով: Իրավասու մարմիններից Մանասյանը պահանջում է պահպանել իրավաչափության սկզբունքն ու զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից: Նա նաև համերաշխության կոչ է անում՝ ատելության խոսքի տարածման փոխարեն: