«Արևմտամետների բևեռը փլուզվում է»․ Արամ Սարգսյանի դաշնակից Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի արևմտամետ դաշնակիցը՝ Հարություն Մկրտչյանը հեռացել է թիմից: Նա կասկածում է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հավատարիմ է արևմտյան գծին։

«Կներեք, արդեն բանական մարդու մտքում չի տեղավորվում, ինչպես կարող է լիբերալ քաղաքական ուժը «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամի հետ, ընդգծում եմ, 2018 թվականից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի հետ որևէ ճանապարհ անցնելու տարբերակ դիտարկել», - նշեց Մկրտչյանը։

«Հանրապետության» նոր դաշնակիցը` «Արժանապատվությունը», գործարար Ծառուկյանի հետ սերտ կապեր է ունեցել։ Նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից է եղել՝ Գագիկ Ծառուկյանի օգնականը, կուսակցության աշխատակազմի ղեկավարը, 2018-ի խորհրդարանական ընտրություններում էլ ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածուն։

«Եկեք ավելի հեռուն գնանք, առաջարկում եմ ավելի հեռուն գնանք: Միանալ բելառուսամետ օլիգարխին, միանալ Ռուսաստանի Դաշնությունից գործուղղված օլիգարխին», - նշեց Մկրտչյանը։

Հարություն Մկրտչյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ չէր, բայց սերտ համագործակցում էր Արամ Սարգսյանի հետ։ Վաղարշապատի վերջին ընտրություններում «Հանրապետության» համայնքապետի թեկնածու էր ու 1241 քվե ստացան։ Փոշմանել է, որ թեկնածուն է եղել. «Կամա թե ակամա «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհին փականի դեր է ստանձնել»:

Հարություն Մկրտչյանը «Եվրաքվե» նախաձեռնության անդամներից է։ Այս նախաձեռնությունը սկսեց ստորագրահավաքը, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը խորհրդարան հասնի։ Արևմտամետների այս բևեռը կարող էր միասնաբար ընտրություններին մասնակցել, ու հիմա, ըստ Հարություն Մկրտչյանի, բևեռը փլուզվում է. «Եվ «Հանրապետություն» կուսակցությունն է, որ հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրությունների։ Եվ «Հանրապետություն» կուսակցությունն է, որ իր համագումարում ընդգրկել է համագործակցության ձևաչափով բելառուսամետ օլիգարխի աջակիցներին, մեղմ ասած, եթե չասենք ջոկատավարներին։ Չգիտեմ Արարատի մարզի ո՞ր կրթական համալիրում են այսպիսի քաղաքագիտական դասեր տալիս, բայց համենայն դեպս քաղաքագիտության մեջ այդպիսի նոնսենս է սա։ Պահպանողականներն ու լիբերալները չեն կարող միասնական ճակատով հանդես գալ»։

«Հանրապետություն» կուսակցության առանցքային դեմքերից Անի Խաչատրյանը իր պատվից ցածր է համարում, որ արձագանքի նախկին թիմակցի մեղադրանքներին։ Հետո ի՞նչ, որ ԲՀԿ-ից է եղել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարը, գուցե ինքն է միութենական գաղափարախոսությունից հրաժարվել։

«Ցանկացած մարդ կարա լինի նախկինում, եթե նույնիսկ ես չգիտեմ, որևիցե կերպ աջակցի, պրոռուսական կողմնորոշվածություն ունենա, բայց հետո հասկանա, դարձի գա, այսպես ասեմ, և որոշի, որ արևմուտքը ամենաճիշտ տարբերակն է այսօր Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Խաչատրյանը։

Հետո էլ «Արժանապատվությունը» կուսակցություն չէ, նախաձեռնություն է։ Ինչո՞ւ պետք է գաղափարական ու քաղաքական հակասություններ լինեն, զարմանում է արևմտամետ կուսակցության ներկայացուցիչը. «Արժանապատվությունը» քաղաքական կուսակցություն չի, որ քաղաքական որևիցե տարբերություն կամ ինչ-որ բան լինի։ Նախաձեռնություն է»:

Կուսակցական անցյալն էլ, ըստ Անի Խաչատրյանի, խոչընդոտ չէ, որ մարդիկ միավորվեն, համագործակցեն։ Ինչո՞ւմ է խնդիրը, բոլոր կուսակցություններում կան թե՛ նախկին ԲՀԿ-ականներ, թե՛ նախկին հանրապետականներ, մարդը իր նախաձեռնությունն ունի, թե նախկինում ինքը ինչ քաղաքական ուժի ցուցակներում է եղել, դա չգիտեմ։ Իմ, այսպես ասեմ, քաղաքական դիրքին համահունչ չի Հարություն Մկրտչյանին մեկնաբանելը, ես կամաչեմ»։

Արամ Սարգսյանը գաղափարական մերձավորի՝ Հարություն Մկրտչյանի հրապարակային մեղադրանքներին, որ դաշնակցում է ճիշտ հակառակ բևեռի գործիչների հետ, չի արձագանքել։

«Պիտի հայ քաղաքացին, հայ մարդը մեզ քվե տա, որ քաղաքականությունը լինի այն, ինչ որ գրված է ձեր դրոշի վրա՝ արժանապատիվ, որ քաղաքականությունը լինի նաև բարոյական, որ քաղաքականությունը չվերածվի պիտակներ կպցնելու, սրան-նրան հայհոյելու», - հայտարարել է Արամ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցությունն էլ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը