Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածներով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը: Քննչականի փոխանցմամբ, ձերբակալվածները երեքն են: Նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն են, երրորդը՝ Գևորգ Գևորգյանը:
Դեպքը տեղի էր ունեցել երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ:
«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել: