ԱՄՆ-ը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել տարածաշրջան․ Reuters

Պենտագոնը պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մի քանի հազար զինծառայող, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրներին։

Reuters-ի անանուն աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ որ երկիր են ուղարկվելու զինծառայողները և երբ կհասնեն տարածաշրջան։ Նրանք այժմ տեղակայված են Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ ռազմաբազայում։

«Ինչպես արդեն ասել ենք, նախագահ Թրամփը միշտ իր տրամադրության տակ ունի բոլոր ռազմական տարբերակները», - ի պատասխան Reuters-ի հարցման, ասել է Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իրանի տարածք զորք ուղարկելու որոշում դեռ չկա, սակայն նոր ուժերի տեղակայումը կուժեղացնի ԱՄՆ-ի հնարավորությունները տարածաշրջանում՝ հետագա գործողությունների դեպքում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Պենտագոնը պատրաստվում է ուղարկել 3-4 հազար զինծառայող։ Մինչ այդ էլ տարածաշրջանում արդեն կար մոտ 50 հազար ամերիկացի զինվորական։

Այս քայլով ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ խոսում է Թեհրանի հետ հնարավոր համաձայնության մասին։