ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին, հայտնում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալլաս․ Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից

Այս նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց խնդիրն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբերսպառնալիքների դեմ։ «Ազատություն» ռադիոկայանին հասանելի է դարձել արագ արձագանքման առաքելության հայտարարությունը, ըստ որի, Հայաստանը բախվում է հիբրիդային ինտենսիվ գործողությունների, որոնք մեծ հավանականությամբ կսրվեն ընտրությունների շեմին։

Ակնկալվում է, որ առաքելությունը Հայաստանում կտեղակայվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10-15 աշխատանքային օրով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ապրիլին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին

Խումբը կառավարությանը խորհրդատվություն կտրամադրի ճգնաժամային կառավարման, տարբեր ընտրական սցենարների ժամանակ հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ։ Առաքելությունը նաև կօգնի համապատասխան մարմիններին ընտրական ապօրինի ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման հարցում, կաջակցի բարձրացնել հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ։

Ակնկալվում է, որ առաքելության ավարտին կկազմվի զեկույց, որը կհստակեցնի Բրյուսելի հետագա գործողությունները Հայաստանի հետ հարաբերություններում: «Սա կարող է ներառել Եվրամիության լիարժեք քաղաքացիական առաքելության տեղակայում Հայաստանում՝ փոխարինելու ներկայիս ԵՄ առաքելությանը, որը ստեղծվել է 2023-ին՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում կայունությանը նպաստելու համար։ Նման առաքելության տեղակայումը կպահանջի ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների միաձայն համաձայնությունը», - հայտնում է «Ազատության» աղբյուրը։

Ի՞նչ է նշվում «Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ» փաստաթղթում

Սրան զուգահեռ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը անդամ երկրներին է ներկայացրել Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ՝ "Political Framework for a Crisis Approach (PFCA) for Armenia" փաստաթուղթը, որը հասանելի է նաև «Ազատությանը»։

Փաստաթղթում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը հավանություն է տալիս նոր՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության ստեղծմանը Հայաստանում՝ շեշտելով, որ Եվրամիության կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեսանելի ձերբազատումը ծայրահեղականացնող, օտար միջամտություններից։ Այս տեսանկյունից հարկ է համարվում Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության հնարավորությունների դիտարկումը՝ ԵՄ առկա գործիքների և ներկայիս առաքելության փուլ առ փուլ կրճատման համատեքստում, մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում։

Փաստաթուղթը նաև սահմանում է, որ Հայաստանում Բրյուսելի հիմնական հակառակորդը Ռուսաստանն է, որն ուժեղացրել է հարկադրական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ու Երևանի՝ ԵՄ-ի նկատմամբ «աստիճանական վերակողմնորոշման ֆոնին շահագործում է Հայաստանի տնտեսական խորը կախվածությունն ու տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը։ Ռուսաստանի կողմից Հայաստանը ապակայունացնող հնարավոր վտանգներ են համարվում գազի գնի բարձրացումը, որոշ ապրանքախմբերի առևտրի նվազումը, ապատեղեկատվական արշավներն ու հոգեբանական գործողությունները։ Ըստ փաստաթղթի՝ Կրեմլն ակնկալում է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի հետ առկա լարվածությունն ու վախերը։

Ըստ այս զեկույցի՝ որքան էլ ՀՀ-ն վերջին տարիներին դիմել է ԵՄ-ին, այդ թվում՝ հույս ունենալով ստանալ վիզաների ազատականացում, իսկ մի օր էլ՝ ԵՄ անդամություն, Հայաստանը դեռ սերտորեն կապված է Մոսկվայի հետ՝ անվտանգության, տնտեսության ու էներգետիկ ոլորտներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ավարտելու համար «դեռ 2-3 տարի էլ կպահանջվի»

Զեկույցում առանձնահատուկ ուշադրության է արժանացել այն, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներն էլ պարեկություն են իրականացնում հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին։ Ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի գազի, երկաթուղային, հեռահաղորդակցության հիմնական ենթակառուցվածքները, ինչը հստակ ցուցիչ է, որ Մոսկվայի ազդեցությունը մնում է զգալի։

Փաստաթուղթը միևնույն ժամանակ շիտակ գնահատականներ է պարունակում, թե ինչ կարող է կորցնել ԵՄ-ն, եթե չակտիվացնի իր գործողությունները Հայաստանի հետ. ըստ դրա՝ ԵՄ-ն կնվազեցնի ազդեցությունը հիմնական գործընթացների վրա, այդ թվում՝ խաղաղության պայմանավորվածությունների իրականացման մասով, ինչը բացասաբար կազդի Հայաստանի անվտանգության բարեփոխումների ձևավորման, ինչպես նաև ավելի լայն՝ ռազմավարական կողմնորոշման վրա։ Իսկ եթե Բրյուսելի քաղաքական աջակցության մասին հայտարարությունները չհամապատասխանեն կոնկրետ գործողությունների, մտավախություն կա, որ Ռուսաստանը կմիջամտի և ԵՄ-ն կկորցնի պատմական հնարավորություն, որ թույլ կտար տարածաշրջանային դերակատարներին դուրս գալ Մոսկվայի գրկից՝ տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման պահին։